Հոգևոր և մշակութային արժեքների վերածնունդ
Արտյոմ Սարգսյան- Գեղանկարիչ, ոսկերիչ, զարդագործ։ Հանդես գալով, որպես
ժամանակակից արվեստագետ, իր հայացքը սևեռել է հայ ժողովրդի ակունքներին։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն՝ լինի դա գեղանկար թե զարդեր, կենցաղային իր, թե կահույք, ինչպես նաև դեկորատիվ կիրառական արվեստի մի շարք այլ գործեր՝ տարազից մինչև հոգեկերտվածք, համեմված է ազգային ոգու ուժով։Վերադառնալով հայ ՄԱՐԴՈՒ արմատներին, և նժարի վրա դնելով մարդու դարակազմիկ էությունն ու բանականությունը, Արտյոմ Սարգսյան արվեստագետն այսօր կարողանում է իր ստեղծագործություններով ներկայացնել ժամանակակից մարդկային մտածելակերպի առաքելությունը: Ստեղծագործությունների առանցքը հայ մարդն է, արիացին, որը ժամանակի ընթացքում վերափոխվելով ինչ-որ չափով կորցրել է իր ինքնությունն ու տեսակը, սակայն այդ նույն արիացին, այսօր էլ համարվում է հայ ընտանիքի «Կենաց ծառ»-ը, որի արմատները շատ խորն են ու կանգուն, և այս ամենը ամբողջանում է հայ կնոջ պայքարող կերպարով, որն էլ արվեստագետին օգնում է ստեղծել ու արարել:
«Կենաց ծառ» խորհուրդը Արտյոմ Սարգյանի համար դարձել է հայի կենսունակ, չձուլվող տեսակ:
Ստեղծագործությունների առանցքը էթնիկ ավանգարդ ոճն է, իսկ հենասյուները՝ ազգային միտքն ու ՀԱՅԸ:
Հայն ու Հայկական լեռնաշխարհն են, որ դարեր շարունակ կարողացել են թշնամուց պաշտպանել Ավետարանն ու Ծիրանենին:
ԾԻՐԱՆԵՆԻ․ տիեզերական պտուղ, մայր երկրի արևը, հայկական լեռնաշխարհի պարարտ հողն ու մեր նախնիների պայքարն ու կռիվը: Սա է, որ արվեստագետի համար դարձավ ոչ միայն արարման սկզբնաղբյուր, այլ նաև կնոջ ու մայրության սկիզբը խորհրդանշող, երկունքի ցավեր և պտղաբերության ծնունդ հանդիսացող «Երկունք Ծիրանի»:
Այս ամենին գալիս է լրացնելու գեղանկարչությունը, որը նրա ստեղծագործության ոգու ճիշտ պատճենն է: Այստեղ է, որ բացահայտվում է Արտյոմ Սարգսյանի ինքնատիպ տաղանդը: Գույների ներդաշնակության շնորհիվ նա կարողանում է ստեղծել պատմություն ու տրամադրություն, կոնտրաստային երանգների համադրման շնորհիվ ներկայացնել նրբերանգների մեղմությունն ու գույների ինտենսիվությունը:
Նրա գործերը բազմազան ու բազմաբնույթ են, թե՛ իրենց տեխնիկայով, և թե՛ կատարելավոճով:
Գործերի մեջ վառ կարդացվում է հայ տղամարդու առնականությունն ու ոգու ուժը, և հայ կնոջ փափկությունն ու խոնարհությունը, ինչը շատ բնորոշ է հայ ավանդական ընտանիքին։