Ճարտարապետության պատմություն և հայ արվեստի պատմություն առարկաների դասերի շրջանակներում, արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողները այս անգամ էլ այցելեցին
Շիրակի մարզի Մայիսյան գյուղ: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ծանոթանալ տարածաշրջանի սրբավայրերին: Մայիսյան գյուղում կան մի քանի փոքր մատուռներ ( օրինակ՝ Սբ.Ավետարան), սակայն գլխավոր սուրբն հանդիսանում է գյուղի կենտրոնում գտնվող 7-րդ դարի Տիրանավոր, այժմ՝ Աստվածածին եկեղեցին: Այն՝ կարմիր սրբատաշ տուֆից կառուցված, ազատ խաչ տիպի գմբեթավոր շինություն է: Ուսանողները ծանոթացան եկեղեցու ծավալատարածական լուծումների, ճարտարապետական տարրերի հետ:
Սակայն այս ամենից զատ գյուղին առանձնահատուկ հմայք և հետաքրքրություն է հաղորդում ոչ մեծ չափերի, ապակե շշերով կառուցված «ժամանակակից» մատուռը: Այն ստեղծվել է գյուղացիներից մեկի մտահղացմամբ և բնակիչների օգնությամբ: Ուսանողները շրջեցին գյուղում, փորձեցին տեղեկություն հավաքել մատուռի մասին, սակայն մտահղացման հեղինակի հետ չստացվեց զրուցել, քանի որ նա գյուղում գրեթե չի լինում: