Սամվել Պողոսյանի ոգեղեն աշխարհը
Գոյություն ունի կարծրատիպ, որ կյանքի
գեղեցկությունը փառաբանող ու լուսավոր լիցքեր պարունակող ստեղծագործություններ ստեղծվում են զարգացած
հասարակություններում, նյութապես ապահով արվեստագետների կողմից: Սակայն կյանքն ապացուցում է հակառակը: Գեղեցիկը բացահայտվում է տառապանքի ճանապարհով, ցուրտ ու մութ արվեստանոցներում, շատ դեպքում քաղցած նկարչի կողմից, որ հազիվ է ձեռքին պահում վրձինը: Այն կախված չէ ժամանակից, պատվիրատուի ճաշակից: Եվ այդ պատճառով էլ մնայուն է: Այն արվեստագետի սրտի լարերի վրա հնչեցրած մեղեդին է, որ մերթ լալիս է անպաշտպան երեխայի նման, մերթ հնչում ցասումով ու հուժկու` իբրև սեփական ՙեսի՚ հայտարարած վերջին կռիվը հանուն այդ ՙեսի՚ կայացման: Իրական արվեստագետը նման է ՙինչուների՚ հետամուտ երեխայի, որը միշտ որոնման մեջ է, փորձում է պատասխանել իրեն հուզող հարցերին: Նրա կյանքը վերածվում է շարունակական աշխարհաճանաչման ու աշխարհահայտնության՝ այն մաքրազտելով թափոններից, գտնելով միայն մնայունն ու կարևորը: Իրական արվեստագետը չափազանց անպաշտպան է կյանքի հարվածների նկատմամբ, և թերևս այդ անպաշտպանվածությունն էլ նրան հնարավորություն է տալիս տեսնել գոյի առեղծվածն ու գեղեցկությունը, որը կեցության խորքերում է թաքնված:
Գյումրեցի գրաֆիկ Սամվել Պողոսյանի ստեղծագործությունը լուսավոր է ու կենսահաստատ: Նայելով նկարչի պատկերած փերիներին, դյութիչ կախարդուհիներին, խորհրդավոր սատիրներին՝ ակամա տարակուսում ես, թե որ ժամանակահատվածում և որտեղ է ապրում նկարիչը: Թվում է՝ հեքիաթային այդ էակները դուրս են ժամանակից ու տարածությունից: Երկրային ձգողությունը չի ազդում նրանց վրա: Նրանք ապրում են մեկ այլ տիրույթում, որը միայն նկարչինն է և ոչ մի կապ չունի իրականության հետ:
Սամվել Պողոսյանը ծնվել է 1960թ. Լենինականում: Նա դժվարությամբ է հիշում այն շարժառիթը, որը մղեց նրան դեպի նկարչություն: Սակայն հայտնվելով Լենինականի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում` Պողոսյանը հասկանում է, որ հետդարձի ճանապարհ չկա: Նկարչական դպրոցը նրա համար բացում է նոր աշխարհ, որտեղ կարող էր տուրք տալ իր երևակայությանը….Նա անընդմեջ կարդում է, ուսումնասիրում հայ ու համաշխարհային դասական գեղանկարիչների գործերը, որոնցից առավել սիրելի էին Բոտիչելլին, Ռաֆայել Սանտին`ներդաշնակության ու պլաստիկայի մեծ վարպետները: Նկարչության նրա ուսուցչուհին` Սաֆյան Նվերը, չէր դադարում կրկնել սփյուռքահայի իր անկրկնելի շեշտադրումով. ՙՍամվե՛լ, ուշադրություն դարձուր գիծերու վրա. գիծն է նկարի հոգին՚….
Իսկ առջևում գեղարվեստի տեխնիկումն էր, գեղարվեստաթատերական ինստիտուտը, ուր Պողոսյանին հաջողվեց ընդունվել միայն 1988թ: Աղետալի երկրաշարժը խաթարեց նրա ծրագրերը, բայց արվեստը դարձավ էլ ավելի զգացմունքային ու համապարփակ: Տարիներ անց նկարիչը հիշում է այն տարակարծությունները, որ առաջացրեց իր աշխատանքը`ՙ Սեր, պատերազմ, խաղաղություն՚ առաջադրված թեմայով: Երկու դասախոսներ` Իկիլիկյանը և Մամյանը, կանգնած վիճում էին աշխատանքի շուրջ: Մամյանը պնդում էր. ՙՈճավորված է, չափազանց զգացմունքային է: Երկու՚, Իկիլիկյանը պնդումէր. ՙԶգացմունքային է, հետաքրքիր,. ՙհինգ՚…..Ի վերջո ազդեցին Իկիլիկյանի հիմնավորումները: Նա տեսավ Պողոսյանի գործերում կերպարների ոգեղենություն, պլաստիկ գիծ ու նուրբ, սահուն անցումներ:
Պողոսյանի համար իսկական բացահայտում էր հին հունական դիցաբանության գունեղ աշխարհը: ՙՀին Հունաստանի լեգենդներն ու առասպելները՚ վերընթերցելով`նա գտավ իր սիրելի թեման: Նրա կերպարները ստացան բնավորություն, դարձան տեսանելի ու զգայական: Ցլի միջոցով առևանգված փյունիկյան արքայադուստր Եվրոպան, իրենց գեղեցկությունն ու հմայքը գիտակցող մուսաները, որ հիշեցնում են հնագույն կրետական որմնանկարներում պատկերված պչրուհիների: Չքնաղ փերիների հետ տարփանքի բռնված խրախճանքի աստված Դիոնիսիոսը, կարապին գրկախառնված Լեդան մեզ տեղափոխում են Պողոսյանի քնարական ու հեքիաթային աշխարհը, որտեղ միակ չափանիշն ու ճշմարտությունը սերն է ու կյանքի վայելքների փառաբանումը:
Սամվել Պողոսյանն ունի իր անկրկնելի ձեռագիրը արվեստում: Նրա գիծը օժտված է զարմանալի երաժշտականությամբ, իսկ ձևերը`պլաստիկայով: Նկարիչը հաճախ դիմում է ոճավորման`հանուն արտահայտչականության, ինչը օգնում է նրա պոետիկ աշխարհընկալման բացահայտմանը: Որպես կանոն՝ նկարները չունեն խորություն, տարածություն, սակայն նկարիչը ստեղծում է առանձնահատուկ ոգեղեն տիրույթ, որը նույնքան իրական է թվում, որքան և անիրական: Կերպարները ճախրում են իբրև եթերային էակներ. նրանց վրա ազդում են ուրիշ, ոչ երկրային օրենքներ:
Պողոսյանի արվեստում բնականոն ու տրամաբանական էր անդրադարձը նաև ավետարանական թեմաներին: ՙԲարի ավետում՚ , ՙՍուրբ ընտանիք՚, ՙԽորհրդավոր ընթրիք՚, ՙԽաչելություն՚ գրաֆիկական շարքերում նկարիչը յուրովի վերաիմաստավորում է Ավետարանը`դիտարկելով հերոսներին զգացմունքային դաշտի համատեքստում: Նկարչին չի հետաքրքրում գործողությունը կամ սյուժեի զարգացումը: Նա դիտարկում է կերպարին տվյալ պահին, որոշակի հոգեկերտվածքում: Ավետարանական սյուժեն դառնում է միջոց`բացահայտելու զարմանքը / ՙԲարի ավետում՚, ՙԽորհրդավոր ընթրիք՚/, մայրական սերն ու գորովանքը/ Սուրբ ընտանիք՚/, մատնությունն ու դավաճանությունը /ՙԽաչելություն՚/: Սակայն նկարիչը երբեք չի խախտում իր իսկ սահմանած էմոցիայի թույլատրելիության սահմանը. նրա մոտ չկան կրքեր, դրամատիկ գործողություններ:
Պողոսյանի արվեստում առանձնակի տեղ է զբաղեցնում կինը: Նկարից նկար դեպի մեզ են ուղղվում հմայիչ մայրերի, աստվածուհիների, պչրուհիների, փերիների հայացքները: Նրանք զրուցում են, մտորում, զմայլվում թութակով /ՙԹութակով կինը՚ /կամ թիթեռով/ ՙԹիթեռով աղջիկը՚/, գուրգուրում իրենց զավակին/ ՙՍուրբ ընտանիք՚/, նվագում երաժշտական գործիքներ. մի խոսքով`անում այն ամենը, ինչ սիրում է անել կինը:
Նկարչի համար խեցեգործությունը հնարավորություն էր նոր արտահայտչաձևեր որոնելու, պլաստիկական լուծումներ գտնելու համար: ՙՙԵվրոպայի առևանգումը՚, ՙԼեդան՚, ՙՊարող փերիները՚ մտորումներ են, որ պարունակում են երկրային գեղեցկության փառաբանումն ու գովերգումը: Այս ձգտումը կա նաև Պողոսյանի խեցեգործական աշխատանքներում`ափսեներում, աղամաններում, սափորներում, որոնց միջոցով նկարիչը փորձում է զարդարել իր շրջապատն ու առօրյա կենցաղը:
Պողոսյանի արվեստն ասես մեզ գալիս է ապացուցելու, որ լուսավոր մտքերն ու արվեստի գործերը ծնվում են մութ ու ցուրտ տարիներին, լուսավոր մարդկանց կողմից:
Արաքս Մարգարյան,
Արվեստաբանության թեկնածու, դոցենտ