ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Հակոբյանի հոդված-անդրադարձը ՀԳՊԱ ԳՄ-ի գրաֆիկա, գեղանկար, քանդակ բաժինների ուսանողների //Մեկական աշխատանքներ// խորագրով ցուցահանդեսին:
//Մեկական աշխատանքներ//

Միտք, գիծ, պատկեր, գույն, երանգ, կավ․․․ Այս ամենը միախառնվելով՝ ստացվում է քանդակ, կտավ, անիմացիոն պատկերներ, գրաֆիկական, գեղանկարչական ստեղծագործական աշխատանքներ։
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում բացվեց նոր ցուցահանդես՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության բաժնի ուսանողների աշխատանքներով։ Ներկայացվածէին կտավներ,պաստառային կոլաժներ, կտորի վրա տպելու միջոցով կատարված գրաֆիկական աշխատանքներ, դիմանկարներ, ցիանոտիպ, քանդակներ։
Մերի Մաթոսյանը գեղանկարչության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ Ցուցահանդեսին ներկայացել է դիպլոմային աշխատանքից կտավներով։ «Այնտեղ որտեղ ես» անվանումը Մերիի ստեղծագործությունների շարքի անվանումն է։ Ցուցահանդեսի համար ներկայացրել է 4 կտավ։ Մի գույնի վրա հաջորդաբար դրված են այլ գույների շերտեր, ապա սև հորիզոնական գծերով փակել է մակերեսը։ Գույների մեծ մասի օգտագործումը դեռ չի բացահայտել, բայց սևը միայնության գույնն է, իսկ գծերը հանգստություն են պատճառում՝ ըստ Մերիի։
Մարիամ Միլիտոսյանը գեղանկարչության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի է, նա նույնպես ցուցահանդեսին ներկայացրել է դիպլոմային աշխատանքից մեկ կտավ, որտեղ պատկերել է իր երազը՝ Դանթե Ալիգերիի //Աստվածային կատակերգություն//
գործի մեկնաբանությունը, այնպես, ինչպես տպավորել է իրեն։ Մարիամի համար կերպարները թափանցիկ են ու դատարկ, սկզբում՝ գունավոր, հետո՝ ավելի մուգ տոներով, որտեղ մարդիկ մեկ երևում են, մեկ էլ ակնթարթորեն կորչում։ Մարիամին հետաքրքրում և հաճույք է պատճառում նկարելու ընթացքը։Յուրաքանչյուր նկար ստեղծվում է մեկ օրում, քանի որ ստանում է այն, ինչ զգում է այդ պահին, ու հաջորդ օրն այլևս նույն նկարի վրա չի աշխատում։
Անի Առաքելյանը գրաֆիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Իր աշխատանքներն արել է խառը տեխնիկայով, ներկայացրել է երեք աշխատանք։ Ստեղծագործությունները բացատրում է հետևյալ կերպ․ «Մոռացեք ինը կյանքերի մասին։ Եթե քվանտային մեխանիկայի մեկնաբանություններից մեկը ճիշտ է, ապա կատուն կարող է ունենալ դրանց անսահման քանակություն: Քվանտային անմահության թեորիան ո՛չ ապացուցվել է, ո՛չ էլ հերքվել։ Ըստ քվանտային անմահության թեորիայի՝ ամենինչ հավերժ է, եթե մեկ իրականության մեջ մարդը մահացավ, բաժակը կոտրվեց, տունը այրվեց, ապա նույն պահին նույն իրավիճակը մեկ այլ իրականությունում մեկ այլ զարգացում է ունենում, և կյանքը շարունակվում է... Ինձ անասելի դուր եկած գաղափարն ու թեորիան, որը եթե նույնիսկ գոյություն չունի ու երբեք չի ապացուցվի, չլինելով ֆիզիկոս, կարող եմ ապացուցել իմ ստեղծագործություններում, որտեղ ամենահասարակ առարկաները նույն պահին տարբեր իրականություններում են գտնվում և տարբեր ձևով են շարունակում իրենց գոյությունը։ Ես ինձ թույլ եմ տալիս հավատալ, որ մեկ այլ իրականության մեջ, մեր անիրական թվացող երազանքներն արդեն իսկ մեր իրականությունն են»։
Այս ստեղծագործություններում Անին աշխատել է խառը տեխնիկաներով՝օգտագործելով ածուխ, ակրիլ, կալիումի պերմանգանատ /մարգանցովկա/։ Նկարներն առաջին հայացքից դիտվում են որպես խառը պատկերներ, սակայն Անին դրանք ստացել է մի քանի շերտ իրար վրա նկարելու միջոցով։ Պատկերել է կենցաղային տեսարաններ, այն ամենը, ինչ շրջապատում է իրեն, և այն, ինչ հոգեհարազատ է այլ երկրներից։ Այդ ամենը շերտ-շերտ դրվելու շնորհիվ ստացվում է խառը պատկեր, ինչը թույլէ տալիս հաստատելու այն, որ նույն պահին կարող են գոյություն ունենալ տարբեր իրականություններ։
Մարինե Գրգիգորյանը գրաֆիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի է։ Պատկերել է պարի տեսարան, աշխատել է տպագրության ու պուանտիլիստական լուծումներով։ Պարի միջոցով ներկայացրել է մարդկային էմոցիաներ, զգացմունքներ, ստատիկ խաղաղ դիրքով ցույց է տվել հանգստություն, իսկ ավելի խառը ու բարդ շարժումները հոգեբանական բարդ շրջաններն են։ Գույները ընտրված են մուգ երանգներով՝ սև, կանաչ, կապույտ ու ծիրանի/բոսոր կարմիր/, որոնք ավելի են խորացնում աշխատանքը և ընդգծում յուրաքանչյուր շարժումը։
Մարտիրոսյան Մերին գրաֆիկայի բաժնի 1–ին կուրսի ուսանողուհի է։ Կոլաժներում պատկերել է իր տատիկին՝ հին հայկական և արցախյան գորգերի ֆոնին։ Լինոլեումի փորագրման, ապա գորգերի տպագրման միջոցով,կոլաժի տեխնիկայով կապ է ստեղծել տատիկի և գորգերի միջև։ Տատիկի պատկերը թողնելով նույնությամբ՝ անընդհատ փոփոխվում են գորգերը՝ հին հայկական և արցախյան։
Մուրադյան Մուրադը քանդակի բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է։ Իր աշխատանքներում ընդհանուր կապ է ստեղծել Սասնա ծռեր էպոսի՝ Փոքր Մհերի և հովիվների միջև, ովքեր այցի էին գնացել բանտարկված Մհերին։ Այդ ամենին գումարել է Հայաստանի ներկայիս վիճակը, որը ասոցացվել է Փոքր Մհերի հետևյալ խոսքերի հետ․ «Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի ընկույզի չափ, իսկ ցորենի հատիկը մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ ժայռից դուրս գալու համար»։ Քանդակները կատարված են պլաստիրից, որը հետագայում դառնալու է քար կամ բրոնզ։ Ցուցահանդեսին ներկայացել է երկու աշխատանքով՝կատարված դեկորատիվ ոճով։
Ցուցահանդեսին ներկայացված էր գեղանկարի բաժնի ուսանող Խանոյան Արշակի աշխատանքը, որտեղ ակնհայտորեն երևում է լուսային և գունային թեթևությունը, Գևորգյան Գառնիկի, Հասմիկի աշխատանքները, գրաֆիկայի բաժնից ներկայացված էին Քոչարյան Վոլոդյայի, Մկրտիչյան Միլենայի, Գրիգորյան Անահիտի,Գասպարյան Գրետայի աշխատանքները, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների աշխատանքներ՝ Անի Խաչատրյանի անիմացիոն կերպարները, Անիչկայի կոմպոզիցիոն համադրությունը, Արմինե Գրիգորյանի գրաֆիկական աթոռները, Հերմինե Վարդանյանի ցիանոտոպները, Գրետա Գրիգորյանի պաստառային աշխատանքները, քանդակի բաժնից ներկայացված էրՇուխյան Մկրտիչի, Գրիգորյան Սուրենի, Գրիգորյան Գրիգորի աշխատանքները։

Ցուցասրահը լի էր բուհի ուսանողների աշխատանքներով, սակայն հարկ է նշել, որ յուրաքանչյուր ուսանող ներկայացել էր մեկական կամ երկուական աշխատանքներով, կային ստեղծագործություններ, որոնք չափից շատ էին, և կարելի էր ընտրել դրանցից մի քանիսը կամ մեկը։ Սակայն ոչ ոքի ստեղծագործություն չէր կրկնում մեկը մյուսին՝ թե՛ գունային, թե՛ տեխնիկական և թե՛ լուսավորության առումներով։
Արվեստաբանության 1-ին կուրսի ուսանողուհի
Հակոբյան Կարինե