Գյումրին ունի հզոր մշակութային կոլորիտ։ Հնուց ի վեր այն եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Գյումրու վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել և հասել են մեզ։ Քաղաքը լի է հուշարձաններով, գեղեցիկ պուրակներով, շինություններով։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ ճարտարապետներն աշխատել են պահպանել քաղաքի ուրույն ճարտարապետությունը։
Գյումրին ինչպես հնում, այնպես էլ հիմա, բազմաթիվ անգամ, բազմաթիվ գույներով, զգացմունքներով ու գծի արտահայտչականությամբ շոշափվել է ցուցահանդեսների միջոցով՝ դարձնելով այն ավելի կոլորիտային։ Որպես գծի և զգացմունքի քաղաք՝ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժնի ուսանողները ներկայացրել են ցիանոտոպի, օֆորտի, լինոփորագրության, կոլաժի, օրգանական ապակու և չոր ասեղի տեխնիկայով և այլ նյութերով աշխատանքներ՝ արտահայտիչ դարձնելով Գյումրու լավ և վատ կողմերը, երբեմն նաև քննադատական հայացք նետելով քաղաքի թերություններին։
«Գյումրի․ գիծ և զգացմունք» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են գրաֆիկայի բոլոր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների աշխատանքները։ Առաջին կուրսեցիները հիմնականում ներկայացել են լինոլեումի փորագրման և տպելու տեխնիկայով՝ պատկերելով դարբիների, Գյումրու հայտնի ու անհայտ վայրերը, Ա․ Թարխանյանի երկաթե շատրվանը, Ասլամազյան քույրերին, Մտորումների թատրոնի շենքը, ինչպես նաև հիմնականում անդրադարձը կատարված էր Սբ․ Ամենափրկչի պատկերմանը՝ տարբեր դիտակետերից։ Ներկայացված էր նաև պլաստիլինից պատրաստված աշխատանք /քանդակ/, որտեղ ցույց էր տրված գյումրեցի երաժիշտների կերպարներ։
Լինոլեումի կամ մետաղի վրա փորագրության տեսակը, որն ստանում են բազմաթիվ նյութերի միջոցով, նկարչին մեծ հնարավորություններ է ընձեռնում, օրինակ՝ նույն նկարից մի քանի անգամ տպելը, որը ցույց է տալիս նկարի գծային էությունը։
Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անի Խաչատրյանի անիմացիայում /շարժանկար/ ցուցադրվում է, թե աղբն ինչպես է ինքն իրեն թափառում լքված շինության ֆոնին /նախկին դեպոյի շենքը/ և նետվում աղբամանը՝ առանց մարդու ձեռք կպչելու։ Քննադատորեն պատկերված է մարդու կատարած անփույթ արարքը։ Անին ասում է, որ Գյումրին իր համար անաղբ Գյումրին է, ու պետք է այն միշտ մաքուր լինի։
Նույն կուրսի ուսանողուհի Շողիկ Ղահրամանյանը լինոփորագրության տեխնիկայով պատկերել է վազով և իր ձեռքերով ստեղծած ժանյակով նատյուրմորտ։ Օրգանական ապակու և չոր ասեղի տեխնիկայով պատկերել է նաև Գյումրու Աբովյան փողոցը՝ շեշտելով Սուրբ Նշան եկեղեցու զանգակատունը։
Գյումրին որպես աղետի գոտու ու այդ պատճառով անտեսված տարածքի՝ որոշ չափով քննադատորեն մոտեցման ենք հանդիպում Արթուր Նիկողոսյանի և Մարինե Գորգոյանի ֆոտո-կոլաժներում։ Երկրորդ կուրսի ուսանողուհի Մարինեն փայլաթիթեղի փորագրության, չոր ասեղի և հին լուսանկարի պրինտի համադրությամբ ստացել է կոլաժ՝ պատկերելով Գյումրիում տնակներում ապրող մարդկանց՝ երկրաշարժից հետո, ցույց տալով և՛ նրանց անմխիթար վիճակը, և՛ իշխանությունների կողմից անտեսված լինելը՝ հաշվի չառնելով մարդկանց «դոմիկում» ապրելու պայմանները և հոգեվիճակը։ Արթուրը պատկերել է Սբ․ Ամենափրկչի մոտ տեղադրված՝ Ֆրիդ Սողոյանի քանդակախումբը՝ նվիրված երկրաշարժի զոհերին։ Նկարը լրացնելու համար օգտագործել է հին պատի պաստառներ՝ փորձելով ասել, թե Գյումրին նախկին վիճակից ուր է հասել։ Առաջին կոլաժում քանդակը պատկերել է օրգանական ապակու փորագրության և չոր ասեղի տեխնիկայի միջոցով՝ շրջապատելով այն անփույթ կտրտված պատի պաստառով, իսկ արդեն մյուս կոլաժում նույն քանդակը ավելի հավաք շրջանակով է։
Արմինե Գրիգորյանն աշխատել է այլընտրանքային լուսանկարչության՝ ցիանոտոպի տեխնիկայով, որը կատարվում է նկարի նեգատիվը /ժխտանկար/ ստվարաթղթի վրա տպելու, ապա լուսազգայուն նյութերի միջոցով ջրաներկի թղթի վրա երևակելու և արևի ջերմությունը հաղորդելու, ապա լվանալու միջոցով, ինչից հետո պատկերը ստանում է լազուր գույն։ Իր աշխատանքներում Արմինեն պատկերել է Գյումրու հին շուկան, որը հիմա չի գործում։ Աշխատանքն անվանել է «Քաղաքի Բաբելոնը»։ Նկարի միջոցով քննադատական հայացք է նետել պետական մարմինների կատարած գործողությանը քաղաքացիների հանդեպ։ Շուկան նախկինում ծառայել է վաճառողների համար որպես վաճառավայր, սակայն վերանորոգումներ իրականացնելու համար նրանք վտարվել են այդ տարածքից, և, քանի որ չեն կարողացել լեզու գտնել միմյանց հետ, այլևս հետ չեն վերադարձել իրենց աշխատանքին, իսկ տարածքը վերածվել է լքված վայրի։ Այդ պատճառով այն անվանել է «Քաղաքի Բաբելոնը»։ Արմինեն նաև փորձել է էքսպերեմենտ կատարել ու փոխել ցիանոտիպի լազուրը՝ ստանալով ավելի մուգ դարչնագույն կամ բաց դեղին երանգավորում։
Հերմինե Վարդանյանը ևս աշխատել է ցիանոտիպի տեխնիկայով՝ օգտագործելով տարբեր դիտակետեր, պատկերելով քաղաքի հայտնի շինությունները («Չուլոչնու շենքը», Թումոյի շենքը և այլն)։ Նա ցիանոտիպը տպել էր նաև թեյի գույնի փաթեթների վրա՝ փորձելով փոխել ստանդարտ ձևաչափերը՝ դիտարկելով դրանք որպես հուշանվերներ, որը հեշտ ու թեթև է նվիրելու համար։
Հարկ է նշել, որ ուսանողներն իրենց աշխատանքներում հիմնականում պատկերել են արտաքինից ծանոթ կամ առավել հայտնի շինությունների ֆասադները, սակայն, չունենալով խորը ուսումնասիրություն տվյալ շենքի պատմությունից, առանձնանում էին միայն նշված հեղինակների աշխատանքները։
Երբեմն տպագրություններում նույն տեսարանը մի քանի անգամ կրկնվում էր՝ որպես էքսպոզիցիան լրացնելու միջոց։ Ի տարբերություն սրա՝ կային ուսանողներ, ովքեր ցուցահանդեսին ներկայացել էին մեկական կամ երկուական աշխատանքներով։
ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Կարինե Հակոբյանի հոդված-անդրադարձը ՀԳՊԱ ԳՄ-ի Գրաֆիկա բաժնի ուսանողների «ԳՅՈՒՄՐԻ․ ԳԻԾ ԵՎ ԶԳԱՑՄՈՒՆՔ» խորագրով ցուցահանդեսին: