Թամարա Գրիգորյան: Ծնվել է 2000-ին, Երևանում: Ներկայում ապրում և սովորում է Գյումրիում։ 2014-2017թթ. սովորել է ՇՊՀ-ի մշակույթի վարժարանում, ավարտելուց հետո ընդունվել ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Հագուստի մոդելավորման բաժինը։ 3-րդ կուրսի ուսանողուհի է։
— Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք, որ ուզում եք դառնալ նկարիչ-մոդելավորող:
— Նկարչությամբ սկսել եմ հետաքրքրվել 16 տարեկանից, ավարտական դասարանում որոշեցի ուսմանս զուգահեռ մասնակցել ակադեմիայում ընթացող նախապատրաստական դասընթացներին: Սկզբում մտածում էի, որ չեմ կարող անգամ բարեհաջող հանձնել ընդունելության քննությունները, քանի որ երբևէ նկարչական խմբակ էլ չէի հաճախել։ Սակայն, կարծում եմ, նախ՝ պրոֆեսիոնալ դասախոսների, ապա և իմ գենի ու աշխատասիրության շնորհիվ կարողացա հաղթահարել այդ փուլն ու ընդունվել նախընտրածս բաժինը։
— Ո՞րն է Ձեզ համար արտահայտչամիջոցներից գլխավորը՝ գո՞ւյնը, թե՞ գիծը:
— Ուզում եմ մեջբերել դասախոսներիցս մեկի խոսքը. «Ցանկացած նկարի հիմքում նախ պետք է լավ գիծ լինի»։ Եթե նկարի հիմքում լինի լավ գիծ, բնականաբար, գույնով կատարված աշխատանքը կլինի ավելի հավաքված։ Այսպիսով՝ գիծը և գույնը, միմյանց փոխլրացնելով, դառնում են նկարի արտահայտչամիջոց։
— Կա՞ թեմա Ձեր արվեստում, որ գերակշիռ է մյուս թեմաների համեմատությամբ:
— Կարծում եմ՝ հատուկ թեմաներ չկան իմ նկարներում, ստեղծագործում եմ տարբեր թեմաներով: Ներկայում հիմնականում հագուստի էսքիզներ եմ անում։
— Ձեր աշխատանքները իրականության արտացոլո՞ւմն են, թե՞ իրականությունից կտրված ինքնաբավ աշխարհ:
— Փորձում եմ տարբեր նկարների մեջ իրականությունը ներկայանցել և՛ այնպես, ինչպես կա, և՛ այնպես, ինչպես կցանկանայի, որ լիներ: Ստացվում է՝ դեռ փնտրտուքի մեջ եմ:
— Ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ խնդիրներ ունի երիտասարդ արվեստագետը Հայաստանում:
— Ներկայում Հայաստանում գործում են մի շարք արվեստի դպրոցներ, ԲՈՒՀ -եր, արվեստի կենտրոններ, որոնք պատանիներին և երիտասարդ արվեստագետներին տալիս են բազմաթիվ հնարավորություններ: Մասնավորապես նշեմ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը, որտեղ ուսումնական բուն դասընթացներից բացի, մշտապես կազմակերպվում են հանդիպումներ տարբեր արվեստագետների հետ, կապ է հաստատվում տարբեր կազմակերպությունների հետ, ինչն էլ ուսանողին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ժամանակակից արվեստի զարգացումները և այն հարթակները, որոնցով հնարավոր է առաջ շարժվել։
— Ունեցե՞լ եք ցուցադրություններ:
— Մասնակցել եմ «Գունային ընթացք», «Ճեպանկարային շարքեր», «Գործվածքների ոճավորում» խորագրերը կրող ներբուհական ցուցահանդեսներին, որտեղ ներկայացրել եմ էտյուդներ, ընթացիկ ճեպանկարներ և կտորի ոճավորման տարբերակներ։
— «Պաստառը և ժամանակակից մարտահրավերները՝ որպես սոց-արվեստային նախագիծ» առցանց դասընթացի շրջանակում կազմակերպվող ցուցադրությանը բավական ակտիվ մասնակցություն եք ունեցել: Ի՞նչ տվեց Ձեզ այս դասընթացը և պաստառների պատրաստման փորձը: