Քանդակագործ Ալբերտ Վարդանյանը Գյումրու ինքնատիպ ու վառ անհատականություններից է. նա ունի
քանդակագործի անկրկնելի ձեռագիր, ինքնատիպ դիմագիծ և ապահովել է մնայուն տեղը արվեստում: Նրա քանդակները ծնվում են ավանդականի ու ժամանակակցի, արևմտյան ու արևելյան, ազգային ու համամարդկային արժեքների համադրումից ու խաչաձևումից: Ապրելով ու ստեղծագործելով Գյումրիում՝ Վարդանյանն ընդունված է նաև արտերկրում. նրա գործերը իրենց տեղն ունեն հայտնի հավաքածուներում ու թանգարաններում: Վարդանյանը որոնող ստեղծագործող է, ում արտահայտչամիջոցները մշտապես ենթարկվում են փոխակերպումների: Նա օժտված է ժամանակի սուր զգացողությամբ ու կարողանում է այն ենթարկել իր գաղափարներին ու նպատակներին:
Վարդանյանը ծնվել է 1954 թվականի մարտի 18-ին Լենինականում, ու թեև նրա ընտանիքում չկային արվեստագետներ, սակայն հետաքրքրությունը կյանքի առեղծվածի հանդեպ, թաքնված ձևերի որոնումը արյան մեջ էր: Հասարակ իրերի ու երևույթների մեջ կյանքի գեղեցկությունը տեսնելու ու ամեն ինչում խոր իմաստ որոնելու սովորությունները տարբերում էին Վարդանյանին ի սկզբանե: Նրա կայացման գործում կարևոր դերակատարություն ունեցավ Գյումրին՝ յուրօրինակ մարդկանցով ու անկրկնելի միջավայրով: Իր հարցազրույցներից մեկում քանդակագործը խոստովանել է, որ տեսակով ու մարդկային նկարագրով ինքը պարտական է հայրենի քաղաքին, որը անսպառ սնուցող աղբյուր է եղել իր ստեղծագործությունների համար, ձևավորել աշխարհայացքն ու մտածողությունը:
Վարդանյանի՝ չափերով ոչ մեծ քանդակները մոնումենտալ են, ամբողջական: Նրա ստեղծագործությունը սնվելով ազգային ակունքներից, շոշափում է համամարդկային գաղափարներ՝ սեր, ատելություն, քաղաքակրթական զարգացումներ, խաղաղություն, ցավ, տառապանք՝ հասկանալի բոլորին ու յուրաքանչյուրին: Պատճառը թեմաների ընտրության մեջ է, որոնք չեն սահմանափակվում տարածությամբ ու ժամանակով: Ասպետների, Տոտեմների շարքերում, <<Պուլսարում>> Վարդանյանն օգտագործում է սիմվոլիկ արտահայտչամիջոցներ՝ դրանք համադրելով պլաստիկ լուծումների հետ: Վարդանյանի քանդակները կատարված են մոդեռն ոճով: Որոշ դեպքերում գործերը թողնում են անավարտ լինելու տպավորություն /նոն ֆինիտո/ ՝ թույլ տալով՝ դիտողին մտովի զարգացնելու անավարտ ձևերը և դառնալու հեղինակի համախոհն ու գաղափարակիցը: Արարչագործությունը Վարդանյանի համար կախարդանքի ձև է, մոգություն, երբ եռացող բրոնզի տձև հեղուկը ստեղծագործական պրոցեսի արդյունքում ստանում է ձև, իմաստ, բովանդակություն: Ձև, որի մեջ ներթափանցում է բովանդակություն, կամ էլ հակառակը՝ բովանդակությունը հուշում է արտաքին ձևը: Արարչագործությունը տեղի է ունենում արարչի ենթագիտակցությունում, և արվեստագետի մատների հպումից ստեղծված մտքերի, հույզերի, ժամանակի, ապրած կյանքի սուբլիմավորված ամբողջությունն է: Արարման ընթացքում արվեստագետը կոչված է լուծելու նաև բազում տեխնիկական խնդիրներ: Չէ՞ որ դիտողին չեն հետաքրքրում հեղինակի <<որոնումները>>, թափված ջանքերը: Նրան հետաքրքրում է լոկ վերջնարդյունքը՝ որոշակի ձևի և իմաստի ամբողջությունը: Կարևոր չէ, թե ինչ չափերի է և որ նյութից է ստեղծագործությունը: Կարևոր են նրա ներգործությունը, ներքին ուժն ու ասելիքը: Արվեստագետին Վարդանյանը համարում է դեսպան, ում տրված է ընդլայնելու երկրի սահմանները, ճանաչելի դարձնելու փոքր հայրենիքը մեծ աշխարհում: Որքան արվեստագետը մաքսիմալիստ է, որոնող, կատարյալին ձգտող, այնքան շատ մարդկանց է տանում իր հետևից, վարակում իր հեքիաթով: Վարդանյանին հաջողվել է գտնել իր համախոհներին ու վարակել իր հեքիաթով…

1988 թվականի ավերիչ երկրաշարժը, երբ Լենինական /Գյումրին վերածվել էր ավերակների, խաթարվել էր բնականոն կյանքը, շատ արվեստագետներ գերադասեցին հեռանալ երկրից, աշխատել ու ստեղծագործել ապահով պայմաններում, հայրենիքից հեռու: Վարդանյանը, ով ուներ բազում հնարավորություններ ու կապեր, գերադասեց մնալ ու նպաստել հայրենի քաղաքի վերածննդին: 1996 թվականին մի խումբ գյումրեցի նկարիչների՝ Համբարձում Ղուկասյանի, Վահան Թոփչյանի, Գարիկ Մանուկյանի, Վալերի Խաչատրյանի հետ, Ալբերտ Վարդանյանը ձեռնամուխ եղավ նախկին մանկավարժական ինստիտուտի /ներկայիս Տեխնոպարկի/ հետնամասում գտնվող <<Նկարիչ>> սրճարանի ձևավորմանը: Ինստիտուտի շենքի վանդակապատ պատուհանները, որ փոքր-ինչ ուղղելուց հետո սկսեցին նկարել: Ժողովուրդը մեծ հետաքրքրությամբ հետևում էր նրանց. այն հանրայնացման առաջին փորձերից է վիրավոր քաղաքում: Սրճարանը այդ նույն ժամանակ վերաբացվեց: Դա նկարիչների ուղերձն էր քաղաքին՝ <<Կյանքը շարունակվում է>>… Արվեստի հանրայնացման գործողություններից էր նաև <<Վիրաբուժական միջամտություն>> քանդակ-ինստալյացիան: Վարպետաց փողոցի վրա գտնվող ճարտարապետական կառույցներից մեկը երկրաշարժին ճաքվել էր: Վարդանյանը ուղղակի միջամտությամբ վերականգնում է վնասված պատը՝ <<կարկատելով>> այն երկաթե <<թելերով>>: Փոխելով <<քանդակ>> հասկացողությունը /ուղղակի միջամտությամբ, այն է՝ վիրահատելով պայմանականորեն բուժել քաղաքի վերքերը/, քանդակագործը անդրադառնում է արվեստի ներքին, թաքնված ներուժին. չէ՞ որ իրական արվեստն ի զորու է իրականացնել արվեստում սուբլիմավորված իմաստները… Այս գաղափարները կյանքի կոչելը, ինչպես նաև մանր պլաստիկայի այլ նմուշներ հնարավորություն են տալիս Վարդանյանին համարել Գյումրու ժամանակակից արվեստի հիմնադիրներից ու վառ ներկայացուցիչներից մեկը:
<<Ասպետներ>> շարքը ստեղծվել է 1990-ական թվականներին, երբ քաղաքը դեռ գտնվում էր ավերակների մեջ. կային հազարավոր զոհեր, մարդիկ կորցրել էին հավատը ապագայի նկատմամբ… Հարկավոր էր որևէ զորեղ ոգու խորհրդանշան, կերպար, ինչը կկարողանար ժողովրդին դուրս բերել փակուղուց, հոգևոր ու նյութական ճգնաժամից: Թե ինչպիսին էր նա, ոչ ոք չգիտեր: Վարդանյանը տալիս է նրա խորհրդանշանը՝ զրահի տեսքով: Դա առաջնորդի յուրատեսակ որոնում էր, որ վարակել էր քաղաքի լավագույն արվեստագետներին: Պատահական չէ, որ Ասպետի թեմային նույն ժամանակահատվածում անդրադառնում են գյումրեցի մյուս նկարիչները՝ Համբարձում Ղուկասյանը, Գևորգ Սարգսյանը և այլք:

Բրոնզաձույլ <<Պուլսարը>>, որը քանդակագործը արարել է 2006 թվականին Գերմանիայի Բորխում քաղաքի համար, այժմ գտնվում է <<Քրիստոս>> եկեղեցու բակում, Վարդանյանի գլուխգործոցն է, սիմվոլիկ պատկերացումների հանրագումարը: <<Պուլսարը>> ունի ձվի ուրվագիծ, միևնույն ժամանակ այն կրում է մեգալիթյան <<ծակքարի>> գաղափարը՝ երկու դեպքում էլ խորհրդանշելով կյանքի սկզբնավորում, ծնունդ: <<Ծակքարը>> հայկական հնագույն հավատալիքներում օժտված է մոգական ուժով և զուգորդվում է անպտուղ կնոջը զավակ պարգևելու, հիվանդին բուժելու, վերակենդանության ու վերածնության գաղափարների հետ: Բրոնզե կոթողի վրա դաջված են տարբեր քաղաքակրթությունների հետքեր ու մարդկային արարչագործության պատմությունը՝ Էյֆելյան աշտարակի, Կոլիզեում ամփիթատրոնի, Չինական պարսպի, տարբեր այբուբենների, Մեծամորից հայտնաբերված տիեզերքի մանրակերտի, հունական սափորանկարչության, երաժշտական նոտաների, ֆիզիկայի բանաձևրիի, Զվարթնոցի տաճարի հատակագծի ու գյումրեցի վարպետի շողուլի և այլ պատկերների միջոցով: Վարդանյանը ներբողում է մարդու արարելու, տիեզերքի բարձունքներին հասնելու և օվկիանոսների խորքերը թափանցելու կարողությունը: Փառաբանելով տարբեր քաղաքակրթությունների թողած արժեքավորն ու մնայունը՝ նա ակնարկում է նաև մարդու կործանարար գործունեության մասին, որը տեսնում ենք <<Պուլսարի>> մեջ մխրճված սեպերի միջոցով: Սեպեր, որոնք խաթարում են մարդկության վերելքի ու նվաճումների պատմությունը՝ հիշեցնելով խաչելություն, պատերազմներ, մարդածին արհավիրքներ: Ըստ իս՝ <<Պուլսարի>> պատկերագրությունը միևնույն ժամանակ խորհրդանշում է նաև Քրիստոսի կյանքի փուլերը՝ ծնունդ /ձու/, մկրտություն /ծակքար/, խաչելություն/ խաչ սեպեր/, հարություն…
Ո՞րն է այսօր այն նորը, որը բազմաթիվ ու բազմապիսի նորերի մեջ ավելի <<նոր>> է և կոչվում <<ժամանակակից>>: Վարդանյանն ունի հետևյալ բանաձևը.<<Առաջ գնալու համար հարկավոր է հետ նայել, նորը որոնել հին քաղաքակրթական դաշտում>>: Չափերով ոչ մեծ <<Տոտեմների>> շարքը օժտված է մոնումենտալությամբ, խոր արտահայտչականությամբ: Դարեր ու հազարամյակներ են բաժանում վիշապաքարերը, մեգալիթյան հուշարձանները Վարդանյանի <<Տոտեմներից>>, սակայն դրանք նույն սակրալ մտածողության դրսևորումներ են: Լույս ու ստվերի յուրօրինակ խաղի, շարժման, սիմվոլի միջոցով քանդակագործը արժևորում է ավանդույթը, նոր կյանք հաղորդում մոռացված նախնիների ուժին ու զորությանը: Մի՞թե սրանում չէ արվեստի առեղծվածի ուժը…






















ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ