«Տարածական ժամանակ»

Ժամացույցի օգտագործումը սկիզբ է առել դեռևս հին ժամանակներից, երբ մարդիկ տարբեր իրերի միջոցով փորձում էին չափել ժամանակը։ Օրինակ՝ Եգիպտոսում օգտագործում էին կոթողներ՝ Արեգակին հետևելու համար, Իրանում օգտագործում էին ջրի, նաև կրակի ժամացույցը։ 14-րդ դարում արդեն ի հայտ եկավ մեխանիկական ժամացույցը, որը դարձավ ստանդարտ ձեռքի գործիք ժամանակի չափման համար։ 18-րդ դարում հասարակությունը սկսեց օգտագործել գրպանի մեխանիկական ժամացույցը։ Հայելիների օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ․ թ․ ա. 3-րդ հազարամյակին։ Հայելիները հիմնականում օգտագործում էին հեռանկարը, պատկերի արտացոլումը տարածական ձևով արտահայտելու նպատակով։ Թե՛ ժամացույցների, թե՛ հայելիների տեսակները առաջացել են դեկորատիվ կիրառական արվեստի մտքի թռիչքի շնորհիվ։ Վերջինս որպես արվեստի առանձին ճյուղ՝ զարգացել և ձևավորվել է մ․ թ․ ա․ 5-րդ դարից սկսած։
Իսկ ի՞նչ ենք հասկանում ասելով «Տարածական ժամանակ» կամ ինչպե՞ս ենք պատկերացնում տարածությունը ժամանակի մեջ։ Այս հարցերի պատասխանները կգտնենք ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում վերջերս բացված ցուցահանդեսի միջոցով։
Գույն, միտք, պատկեր, զգացողություն, մետաղ, նյութ… Այս ամենի շնորհիվ ստեղծվում են աշխատանքներ, որոնք կարող են տպավորիչ լինել։ Միտքը մետաղի հետ համադրելով՝ բուհի Դեկորատիվ կիրառական արվեստ բաժնի առաջին կուրսի ուսանողները ստեղծել են արվեստի հետաքրքիր գործեր։ Քայլելով ցուցասրահում՝ անընդհատ հանդիպում ենք ժամացույցների ու հայելիների, որոնք արդեն իսկ հուշում են ցուցահանդեսի խորագրի բացատրությունը։ «Տարածական ժամանակ» հասկացությունը բացատրվում է հայելու միջոցով, որն արտացոլում է տեսարանը, իսկ ժամանակը՝ ժամացույցների, որոնք ևս արտացոլվում են հայելու մեջ՝ կրճատելով և կամ թե երկարացնելով ժամանակը։
Ցուցահանդեսն ամփոփում է ուսանողների կողմից ստեղծված տարբեր ոճային ստեղծագործություններ։ Միակ կարևոր-հանգուցային կետը տարածական ժամանակն է։
Մինչև ցուցասրահ մտնելը՝ կհանդիպենք տիպիկ նախնադարյան ոճով ժամացույցի՝ փայտի և մետաղի համադրությամբ․ այն ստեղծվել է ցուցահանդեսի մասնակիցներից մեկի՝ Մարի Հակոբյանի կողմից։ «Նախնադարյան» ժամացույցն ունի բումերանգի իմաստ։ Ըստ Մարիի՝ ժամանակը մեզ է վերադարձնում մեր լավ ու վատ գործերը բումերանգի ձևով։ Բումերանգը փայտե թերթիկ է․ որոշ տեսակներ ունեն աերոդինամիկ ձև, որը թույլ է տալիս մեծացնել նետելու հեռավորությունը և նպաստել վերադառնալու մեկնարկի վայրը: Երբ զուգահեռներ ես տանում ժամանակի և բումերանգի միջև, նրանք հիշեցնում են նույն բանը․ «Անցյալը կատարյալ իշխանություն ունի ժամանակի վրա»,-իր աշխատանքի բացատրագրում նշում է Մ․ Հակոբյանը։ Ժամացույցի կողքին կախված է փայտե տախտակ՝ նախատեսված գինու շշեր կախելու համար։ Տախտակները, փորագրված հայկական զարդանախշերով, ամրացված են իրար և հաստ թելերով պահում են շշերը։
Փոքր-ինչ առաջ անցնելով՝ կարող ենք տեսնել մյուս մասնակցի՝ Մարիա Ամիրխանյանի գործերը՝ դեկորատիվ լուսամփոփ-ժամացույց՝ հայելային ձևով, այնուհետև մյուս դեկորատիվ աշխատանքները, որոնցից մեկում ուսանողուհին ցույց է տվել ժամանակը՝ Արեգակի պտույտի ձևով։ Մետաղական շրջանակների և հորիզոնականների վրա ամրացված են մետաղյա շրջանակներ, որոնք խորհրդանշում են մոլորակները, իսկ կենտրոնում արևն է։ Եթե մոլորակների բնական պտույտը Արեգակի շուրջն է, ապա Մարիայի աշխատանքում Արեգակն է պտտվում մոլորակների շուրջը՝ ինքնատիպ մեխանիկայի միջոցով։ «Գործիս կենտրոնում գտնվող պտտական պարույրը խորհրդանշում է Արեգակը։ Ճիշտ է՝ սովորաբար մոլորակներն են պտտվում Արեգակի շուրջը, բայց իմ գործում Արեգակն է պտտվողը։ Կողքի ալյումինե կիսագնդերը խորհրդանշում են մոլորակները։ Ուղեծրի ներսում է գտնվում նաև Լուսինը, որը պարուրում է պտտվող Արեգակը»,-իր՝ Մարիայի բացատրագրից է։
Ցուցասրահում շրջելով՝ կհանդիպենք այլ ուսանողների կողմից ստեղծված ժամացույցների ևս։ Անի Պետրոսյանի՝ ինտերիերի դեկորատիվ լուծումը փայտի և գունավոր մետաղի համադրությամբ, և ժամացույցը, որտեղ օգտագործված է մետաղ և ապակի։ Այնուհետև Կարլեն Շահբազյանի՝ փայտի և գունավոր մետաղի համադրությամբ կախիչն է, ապա՝ Ենոք Տոնոյանի մետաղական ժամացույցը։
Վեներա Խալաթյանի ստեղծած ժամացույցը առանձնանում է իր ինքնատիպությամբ․ ունի երկարությամբ ձգված ուղղանկյան տեսք, և հեղինակը այն մեկնաբանում է հետևյալ կերպ՝ «Գունավոր ապակիները խորհրդանշում են կյանքի գույները, թափանցիկ ապակիները՝ պարզությունն ու մաքրությունը, սև մետաղները կյանքի խոչընդոտներն են, որոնք հատվում են գունավոր ապակիների հետ»։ Մյուս ժամացույցը, որը կրկին Վեներայինն է, դեկորատիվ պատի ժամացույցն է։ Այն ստացվել է երկու շրջանների հատումից։
Աիդա Հովհաննիսյանն իր ժամացույցի մասին ասում է․ «Յուրաքանչյուր մարդ ունի սեփական տարածական ժամանակը, որ յուրաքանչյուր մարդ ինքն է կառավարում իր ժամանակը, երբեմն առաջ ընկնելով սուզվում է ժամանակի մեջ»։ Աիդայի ժամացույցի կենտրոնում եռանկյունն է, ապա, թվերի փոխարեն, ծովի ալիքներ ու նավակ։ Այսինքն՝ ցույց է տալիս և՛ ժամանակը, և՛ սուզվելը։ Ապա ավելացնում է, որ մետաղյա ժամացույցը միշտ չէ, որ ալեկոծվում է։
Բացի ներկայացված աշխատանքներից՝ ժամացույցների հետ կողք կողքի ցուցադրված են նաև դեկորատիվ հայելիներ, լուսամփոփներ՝ ստեղծված բուհի Դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ուսանողներ Ենոք Տոնոյանի, Աիդա Հովհաննիսյանի և Լուսինե Անտոնյանի կողմից։ Հայելիների միջոցով նրանք ցույց են տվել ժամանակը, տարածությունը հայելու մեջ՝ կրճատելով կամ երկարացնելով այն։
Ցուցահանդեսի կարևոր նախապայմաններից մեկը ուսանողների՝ գունավոր մետաղներով աշխատելը և դրանք մշակելն է, երևույթ, որը եզակի է տարածաշրջանում, այդպես նաև՝ Գյումրու դարբնության ավանդույթների շարունակումը։
Կարինե Հակոբյան




Արվեստաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի