Գրաֆիկան կերպարվեստի տեսակ է, որն ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն)։ Գրաֆիկական նկարը ստեղծվում է թղթի վրա (հազվադեպ մետաքսի կամ մագաղաթի վրա)՝ թղթի գույնի և գծի օգնությամբ՝ մատիտով, գրչով, ածխով, կավճաներկերով և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով։

Գրաֆիկայի արտահայտչական միջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը։ Գրաֆիկան լինում է նաև գունավոր, սակայն գույնի դերը համեմատաբար սահմանափակ է։ Գծանկարը՝ որպես ստեղծագործության ինքնուրույն բնագավառ, ընդհանուր կողմեր ունի գեղանկարչության հետ։ Ջրաներկը, գուաշը, կավճաներկը, տեմպերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական, այնպես էլ բնույթով ու ոճով գեղարվեստական աշխատանքներ ստեղծելիս։ Գրաֆիկան դիմում է նկարչական բոլոր ժանրերին՝ թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ։
Գրաֆիկայի բաժնի ուսանողների աշխատանքը դիտելու համար պետք էր անցնել նախամուտքով, ապա ժամացույցի ուղղությամբ պտտվել ցուցասրահում։ Ընդհանուր առմամբ՝ ցուցասրահում հանդիպած յուրաքանչյուր աշխատանք չէր կրկնում մեկը մյուսին․ ուսանողները ներկայացրել էին նկարներ, որոնք բաղկացած էին երեք կամ չորս նկարներից (շարքերից)։ Հիմնականում գունային գամման պահպանված էր, կոմպոզիցիոն լուծումները հետաքրքիր էին։ Ցուցասրահում կային և՛ դիմանկարներ՝ կատարված ածուխով, յուղամատիտով, և՛ ցիանով աշխատանք՝ օֆորտ, տպագրություն և այլն։
Ուսանողների կողմից կատարված աշխատանքները ունեին նկատելի բարձր որակ, ինչը խոսում է այն մասին, որ նրանք բավականաչափ տիրապետում են մասնագիտական նյութերին։ Նրանք հաջողությամբ կարողացել են ներկայացնել գրաֆիկայի բոլոր տեխնիկաները։
Կարելի էր հաշվի առնել այն փաստը, որ ցուցադրությունը սկսվում էր դիմանկարներով, որոնք կատարված էին ածուխով, և ցուցադրության շարքը կարելի էր շարունակել նույն գունային գամմային պատկանող դիմանկարներով և ապա շարունակել մյուս աշխատանքներով՝ դրանք ևս չտարանջատելով։
Հարկ է նշել, որ կային աշխատանքներ, որոնք կախված էին տարբեր կողմերում՝ իրարից անջատ, ինչը հոգնեցնում էր դիտողին։ Հարկավոր էր նույն ուսանողի աշխատանքները փակցնել նույն տեղում՝ դիտողի աչքը անընդհատ պտույտի մեջ պահելու համար։ Կային ստեղծագործություններ, որոնք չափազանց լավ որակի էին, սակայն շրջանակի և ստվարաթղթի սխալ ընտրությունը դրանք դարձնում էին քիչ տեսանելի։
Հարկավոր էր ուշադրություն դարձնել ցուցասրահում գտնվող սյանը, որը չափազանց շատ էր լցված նկարներով, և դիտողը եթե ժամսլաքի ուղղությամբ պտտվի ցուցասրահում, սյանը ուշադրություն չի դարձնելու։ Այդ պատճառով հարկավոր էր փակցնել ավելի քիչ՝ երեք կամ երկու նկար։ Շատ մեծ նշանակություն ունի նաև նկարների դասավորության բարձրությունը և տեսանելիությունը․ որոշ նկարների շատ բարձր լինելը թույլ չէր տալիս դիտողին այն զննել ամբողջությամբ, հարկավոր է տվյալ «շարքից» ընտրել երեք կամ վեց աշխատանք։