Դիմապատկեր կամ դիմանկար (ֆր.՝ portrait, հն. portraire - պատկերել, գեղանկարչության մեջ, գրաֆիկայում՝ դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ), կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կամ նկարագրություն։ Կերպարվեստի ժանր, որի ստեղծագործություններում վերստեղծվում է մարդու որոշակի անհատականության կերպար։ Զանազանվում են նաև՝ ողջ հասակով, գոտկատեղից, կրծքավանդակից վեր պատկերված դիմապատկերներ։ Դիմապատկերի տարածված տեսակներից է ինքնապատկերը։ Իրապաշտական դիմապատկերի խնդիրներից է ոչ միայն պատկերվողի անհատական կերպարային նմանության, դեմքի, բնորոշ կեցվածքի, շարժումների, դիմախաղի արտահայտումը, այլև հոգեբանական բնութագրման միջոցներով բնորդի ներաշխարհի, բնավորության, սոցիալական, ազգային տիպական գծերի բացահայտումը։
Օրը երեքշաբթի էր, և բոլորն արդեն տեղյակ էին, որ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում նոր նկարներ ու դիմաքանդակներ են ցուցադրված կողք կողքի, և ժամը 12։30 լինելու է բացումը։ Դեռ 12:30 չկար, երբ լսարանից դուրս եկա ու շտապեցի ցուցասրահ, որն արդեն բավականաչափ լի էր բուհի ուսանողներով։ Ցուցասրահը ամբողջությամբ լցված էր դիմանկարներով, ինքնանկարներով, դիմաքանդակներով, որոնք կատարել էին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողներից՝ ինչպես գեղանկարի , այնպես էլ քանդակի բաժնի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները։
Ցուցասրահում ամեն քայլափոխի հանդիպում ենք բուհի՝ գեղանկարչության և քանդակագործության բաժնի ուսանողների ստեղծագործություններ, որոնց մեծամասնությունը կատարված էր գրեթե նույն ոճով, նույն տեխնիկայով։ Դիմանկարները կախված էին հերթով՝ մեկ ու մեջ կրկնելով նույն ուսանողի ստեղծագործությունը կամ լրացնելով քանդակներով, որն ինքնին առաջացնում էր շփոթմունք դիտողի մոտ։
Շրջելով, յուրաքանչյուրի ստեղծագործությունը դիտելով՝ փորձում էի գտնել այն դեմքերը, որոնք պատկերել են երիտասարդ ստեղծագործողները՝ ինչպես իրենց ընկերների, այնպես էլ անծանոթ մարդկանց կամ բնորդների։ Երբ դեռ նոր էի մտել ցուցասրահ, առաջինը, որ նկատեցի, Նելլի Մկրտչյանի, Վարուժան Գիրգորյանի, Մերի Մաթոսյանի և Աղուն Սարգսյանի ստեղծագորություններն էին, որոնք տարբերվում էին թե՛ գունային, թե՛ ոճային և թե՛ տեխնիկայի առումով, այդ իսկ պատճառով առանձնացրել ենք հենց նրանց գործերը։
Նելլի Մկրտչյանը պատկերել է ինքն իրեն՝ առօրյա հագուստի ոճով, օգտագործելով «համարձակ» երանգներ՝ սպիտակի, կապույտի, օխրայի բաց ու մուգ հետաքրքիր համադրություն, իսկ ինքնադիմանկարը լրացնելու համար անկյունում օգտագործել է բուսական նախշ։
Վարուժան Գիրիգորյանի ստեղծագործությունը կախված էր երկու կիսափոքր չափերի նկարների մեջտեղում։ Բնության և ճարտարապետության ֆոնին պատկերված է բնորդը, որի դեմքը լուսավորված է արևի կամայական ճառագայթներով։ Դիմանկարը ինքնին լրացված է գունային տաք ու սառը երանգներով, ճարտարապետության ու բնապատկերի համադրությամբ։ Աշխատանքի մեջ նկատվում էր օդ, լույս, թարմություն։ Ցուցադրված բոլոր դիմանկարներից սա միակ աշխատանքն էր, որտեղ կերպարը պատկերված էր ոչ թե նետրալ ֆոնին, այլ միջավայրի մեջ։ Վարուժանը մյուս աշխատանքում պատկերել է համակուրսեցու դիմանկարը, հաջորդում՝ բնորդի։
Մարիամ Հարությունյանի, Անահիտ Խանոյանի, Քրիստինե Հովհաննիսյանի, Սենիա Բալոյանի, Հասմիկ Հարությունյանի և Արշակ Խանոյանի ստեղծագործությունները, որոնք պատկերված են բնորդից, ունեն գրեթե նույն ձեռագիրը, նույն դիրքը, նույն գունային գամման։ Դիմանկարների շարքը լրացնում էին Մուրադ Մուրադյանի քանդակները։ Նշված աշխատանքներից իր ոճով ու տեխնիկայով տարբերվում էր Աշիկ Մադաթյանի դիմանկարը։ Մյուսները ևս պատկերել են իրենց համակուրսեցիներին, ընկերներին՝ փորձելով տարբերել մուգ կամ բաց երանգներով, չնայած դիմանկարներում գերակշռում էր մուգը։
Ցուցասրահում շրջելու ընթացքում հասկացա, որ շատ քիչ են հանդիպում դիմանկարներ, որոնք ունեն տարբերվող գույն, ինչպիսիք են՝ կանաչը, կարմիրը, ոսկեգույնը, ինչպես Նելլիի գործերի դեպքում։ Ցուցասրահից դուրս՝ դեպի լսարաններ տանող ճանապարհի պատին էին փակցված Աղուն Սարգսյանի, Մերի Մաթոսյանի դիմանկաները, որոնք միմյանցից անջատվում էին կամ միանում Մկրտիչ Շուխյանի քանդակով։ Նա քանդակել է վաստակավոր արտիստ, դերասան Հովհաննես Հովհաննիսյանին։ Դիմաքանդակը բավականին ճշգրիտ էր քանդակված ու նման էր բնորդին։ Մերին ու Աղունը պատկերել են իրենց այնպիսին, ինչպիսին տեսնում են և կան։ Աղունը իրեն պատկերել է գանգրահեր, չի շեշտել հստակ դիմագծեր, չկա որոշակի միջավայր, օգտագործել է կանաչ, կապույտ, սպիտակ երանգներ։ Դեմքն ու հետնաֆոնը միաձուլված են։ Տեխնիկապես միանգամայն տարբեր էին Մերի Մաթոսյանի երկու ինքնադիմանկարները, որոնցից մեկը կապույտ և սև, իսկ մյուսը շագանակագույն և կարմիր գույներով էին։
Ցուցահանդեսին քանդակներով ներկայացել էին Մկրտիչ Շուխյանը, Մուրադ Մուրադյանը, Էրիկ Հակոբյանը, Սուրեն Մարգարյանը և Դանիել Գրիգորյանը։ Քանդակները կատարված էին գիպսից, որոշները՝ գունավոր պատինայի տեխնիկայով։
Հարկ է նշել, որ նկարների դասավորությունը շատ խառն էր ու խրթին։ Մեկ ուսանողի աշխատանքը ընդհանուր չէր ներկայացված, այլ կախված էր տարբեր ուսանողների աշխատանքների հետ, ինչը խառնաշփոթ էր առաջացնում դիտողի մոտ, խանգարում էր ընդհանուր ընկալմանը։
Արվեստաբանության բաժնի առաջին կուրսի
ուսանողուհի՝ Հակոբյան Կարինե