Լռություն է, բայց նրանք զրուցում են: Լռություն՝որը խախտվում է միայն ոտնաձայներից: Խավարի սև ֆոնին հստակ երևում է բեմին նստած կարմիր զգեստով աղջիկը: Նրա դիմաց սեղան է, աթոռին նստած է ինչ-որ մեկը: Կարմրազգեստ աղջիկը միշտ նստած է, իսկ դիմացինները փոփոխվում են: Լռության մեջ նրանք լուռ հաղորդակցվում են, զրուցում են: Ոմանք շփոթված են, իսկ որոշները հստակ գիտակցում են ասելիքը: 
Ոչ, դա թատերական ներկայացում չէ, ոչ էլ ֆիլմի, այլ արվեստային կատարում՝ փերֆորմանս: Փերֆորմանսի նկարագրությունս (կարմիր զգեստով նստած աղջիկը՝ այս դեպքում արվեստագետը, միմյանց փոխարինող բեմում հայտնված հանդիսատեսը, դեմ առ դեմ առերեսվելը) անմիջապես զուգորդումներ են առաջացնում ժամանակակից արվեստագետ, փերֆորմատիվ արվեստի նախամայրը համարվող Մարինա Աբրամովիչի «Նկարիչը ներկա է» փերֆորմանսի հետ: Բայց ոչ, իրականում դա «Նկարիչը ներկա է» փերֆորմանսի մոտիվով մեկ այլ «Զրույց» փերֆորմանսն էր, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողների կողմից կատարած: 
Մարինա Աբրամովիչն իր փերֆորմանսն իրականացրեց 2010 թ.ին Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանում MOMA: Հղացքը կայանում էր նրանում, որ Մարինան կարողանար ուշադիր հայացքի միջոցով լուռ հաղորդակցվել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Փերֆորմանսը տևել է 736 ժամ և 30 րոպե: Արվեստագետը նայել է 1500 մարդու աչքերի մեջ: 
Գյումրու արվեստների ակադեմիայի դահլիճում, գեղանկարի բաժնի 3-րդ կուրսի 4 ուսանողուհիներ՝ Լիլիա Տոնոյանը, Մերի Մաթոսյանը, Քրիստինա Անտոնովան, Ռաիսա Պետոյանը փորձեցին կրկնել Աբրամովիչ տատիկի սխրանքը: Բայց իհարկե ոչ այդքան երկար ժամանակով (ընդամենը 30 րոպե) և ոչ այդքան մեծ հանդիսատեսի հետ: Ուսանողուհիներից մեկը՝ Մերին հանդես եկավ Աբրամովիչի կերպարով, իսկ մյուս ուսանողուհիներն իրենց ընտրությամբ դահլիճից բեմ էին բարձրացնում մասնակից հանդիսատեսներին: 
«Կարճ ժամանակ ունեինք իրար հետ լեզու գտնելու։ Երկխոսության մեջ մտնելու համար, իմ կարծիքով, ժամանակ է պետք ընտելանալու դիմացինիդ, ծանոթանալու հետը, ապա շփվելու։ Մենք միայն հասցրել ենք դեմքով իրար ճանաչել։ Դահլիճը տրամադրող էր, լույս ու ստվերի խաղը, աղջկա կարմիր զգեստը հավաքում էին կերպարը, ում դեմքին, աչքերին նայելով, փորձում էիր ճանաչել «Աբրամովիչին»։ Զրուցակցիդ մոտենալով ակամայից հուզվում, խառնվում ես իրար: Նախ՝ անծանոթ է, իսկ լուռ զրուցելու թեման ընթացքում պիտի ծագի։ Երբ նստում ես` դիրքդ մատնում է ներաշխարհդ։ Մտովի պատկերացնում ես թե ձայնի ինչպիսի տոնայնութուն կունենա, ինչ ընդհանուր թեմաներ կգտնեիք, եթե բառերով խոսեիք,արդյոք նա հիմա կերպարի մեջ է, թե ինքն է իր անկեղծ կերպարանքով» / «Զրույց» -ի մասնակից Լիանա Ստեփանյանի զգացողությունները փերֆորմանսից 29.01.2012թ./ ։
Աբրամովիչի փերֆորմանսից տարբերությունը միայն այն էր, որ այստեղ՝ հանդիսատեսը ոչ թե իր, այլ ուսանողուհիների ընտրությամբ էին բարձրանում բեմ և հաղորդակցվում արվեստագետի հետ: Եթե Մարինան հաղորդակցվում էր հիմնականում ցուցահանդեսի անծանոթ այցելուների հետ (բացառությամբ իր ամուսնու Ուլայի), ապա «Զրույցի» մասնակիցներն հիմնականում բուհի դասախոսներն ու ուսանողներն էին, այսինքն՝ ծանոթներ: Միայն մեկ մասնակից էր, ով անծանոթ էր Մերիին:
Ինչպես տեսանք՝ «Նկարիչը ներկա է»-ից «Զրույցը» գրեթե ոչ մի բանով չէր տարբերվում: Այստեղ հարց է առաջանում՝ ընդօրինակում թե՞ գիտակցված կրկնություն: Եվ թե որքանով էր Մերին իրեն գիտակցում որպես ինքը, թե՞ այնուամենայնիվ գտնվում էր աբրամովիչյան կերպարի սահմաններում:  
«Այդ օրը կրկին ինձ հանդիպեցի։ Այն ինչը դուք կրկնություն, կամ մի գուցե փորձառություն եք անվանում, ախր ոչինչ է։ Այն միջոց էր ինձ համար։ Դուրս գալով ինքս բազմաթիվ «Դուք»-երից, մի առանձին հաճույք էր, կործանվել յուրաքանչուր առանձին «Ես»-երից։ Այո, ո՛չ միայն՝ «Կարմի զգեստով» աղջիկն էի ես, այնտեղ Ես բոլորի մեջ էի, և բոլորն էին իմ մեջ։ Ընդունել կարողանալ ձեր մեջ ինձ, փոքրիկ ճարպկություն էր, խենթություն, ցինիզմի անսպառ որակավորում։ Ինքս բազմաթիվ «Ես»- երի մեջ՝ մի առանձնահատուկ ոչինչ էի․․․(Սա էլ առանձին հաճույք է): Այո, ընդունել եմ ձեզ, և բաց եմ թողել։ Այո, ինչ-որ պատմություն գողացել եմ, արդյունքում իմն եմ կերտել․․․ միթ՞ե այդպես չեն ծնվում անհատները․․․Մենք բոլորս ենք կրկնության կողմնակիցներ․․․Եվ, թե ինչու՞ կարճ ժամանակով տեղի ունեցավ «Զրույցը» — Ասում եմ ձեզ՝ ինքս բավարար չեմ․․․ » / «Զրույց» փերֆորմանսի գլխավոր կատարող՝ Մերի Մաթոսյանի հետ զրույցից 06.02.2012 թ./ 
Եթե դիտարկենք համաշխարհային արվեստի համատեքստում, «Նկարիչը ներկա է» փերֆորմանսն արդեն ունի 11 տարվա վաղեմություն, և նույն կատարումն հայտնի արվեստագետի կողմից անելը, այն էլ փոքրաչափ կերպով արդարացիորեն կարող էր դիտվել որպես կույր ընդօրինակում: Սակայն, այս պարագայում փերֆորմանս են արել ակադեմիայում սովորող 3-րդ կուրսի ուսանողուհիները: Ուսանողուհիներ, ովքեր դեռ նոր են փորձում ծանոթանալ համաշխարհային արվեստի ժամանակակից միտումների, ուղղությունների և ոճերի հետ: Գիտակցված կերպով կրկնելով Աբրամովիչի փերֆորմանսը ուսանողուհիները փորձել են վերաիմաստավորել այն, իրենց վրա կրել արվեստագետի ապրումները, իրենք իրենց տեսնել այդ նույն դերում, մտնել հյուսվածքների մեջ, յուրացնել փերֆորմանսի մանրամասները: Եթե դիտարկենք ակադեմիայի համատեքստում, փերֆորմանսի իրականացումը կարելի է դիտել որպես ուսումնական հետազոտության ընթացք, որը դուրս է գալիս լսարանային տարածքից: Այս պարագայում կրկնությունը արդարացված է որպես փորձարկում:
Բացի այդ՝ ակադեմիական գիտակարգում ակադեմիական գեղարվեստական կրթության կողքին տեսնում ենք նաև ժամանակակից արվեստի տենդենցներ և հետաքրքրություն այդ տենդենցների հանդեպ: Արդի արվեստային միտումների հանդեպ ունեցած խրախուսական վերաբերմունքը իր պատմության ընթացքում միշտ էլ որդեգրված է եղել ակադեմիայի կողմից: 




 

 

  

 

 


Արվեստաբան՝  Գայանե Պապիկյան