ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում, գրաֆիկայի լսարանում լուսանկարչության դասն էր: Ներս մտա այն պահին, երբ Գյումրեցի ռեժիսոր, լուսանկարիչ Արմեն-Տեր Մկրտչյանն ուսանողներին բացատրում էր ցիանոտիպը: Նրա ոգևորված խոսքերի մեջ առաջին անգամ լսեցի տարօրինակ թվացող այդ բառը՝ << ցիանոտիպիա>>: Անգլիացի բուսաբան Աննե Ատկինսը ցիանոտիպի միջոցով տպագրել է ջրիմուռների իր ողջ հավաքածուն և ստեղծել է առաջին բազմօրինակ տպագրական գիրքը: Շփոթմունքս կրկնապատկվեց, քանի որ լսարանում ոչ մի ջրիմուռ չնկատեցի, ուսանողներն ուղղակի փորձում էին երևակել իրենց լուսանկարները: Հետո՝ ամեն ինչ հասկանալի դարձավ, երբ պարզվեց, որ ցիանոտիպն իրականում լուսանկարչության տպագրության այլընտրանքային տարբերակներից է: Ցիանոտիպի մեթոդը հայտնաբերվել է աստղագետ, ֆիզիկոս Ջոն Գերշելի կողմից 1842 թվականին, անմիջապես դագերատիպի հայտնագործումից հետո: Սակայն Գերշելն այդ մեթոդն օգտագործում էր իր գծանկարներն արտապատկերելու համար: Հետագայում նա իր հայտնագործության մասին պատմում է Աննե Ատկինսին:
Լուսանկարչությունը՝ ինչպես արդեն բառն ինքնին հուշում է, կապված է լույսի հետ, նկար, որ ստացվում է լույսի անմիջական ազդեցության հետևանքով: Լույսն է լուսանկարչության <<գլխավոր հերոսը>>, որի ճիշտ կամ սխալ, քիչ կամ շատ ներհոսքի պատճառով ստացվում կամ էլ աղավաղվում է պատկերը: Տարիների ընթացում տեխնիկայի առաջընթացը , լուսանկարչական սարքերի կատարելագործումը, այժմ էլ թվային լուսանկարչությունը ինչ-որ տեղ հեշտացրեցին լուսանկարչի ՝ լույսի հետ <<պայքարելու>> այդ ընթացքը: Սակայն, ցիանոտիպն ինչպես և այլընտրանքային տպագրության մյուս տեսակները (Օիլ պրինտ, Ռեզինոտիպ, Ֆոտոտիպ և այլն ) իրականում բարդ գործընթաց է: Բարդ է և՛ լուսանկարման ընթացքը, և՛ երևակումը, քանի որ միանգամայն տարբեր է մեր գիտեցած արդեն ավանդական լուսանկարման կամ երևակման տեխնիկայից: Այլընտրանքային տպագրությունը ժամանակատար պրոցես է: Մի պատկեր ստանալը լուսանկարչից կարող է խլել մի քանի օր, անգամ մի քանի շաբաթ: Այսպես՝ ուսանողները գործի էին անցել, փորձում էին ցիանոտիպի տեսակը կիրառել արդեն գործնականում, և նրանց ինչ-որ բաներ սկսեց հաջողվել: Ակադեմիայի լաբորատորիայում մեկը մյուսի հետևից կապույտ երանգների մեջ հայտնվում էին տարբեր պատկերներ:
Մինչ այդ սակայն, ցիանոտիպը՝ որպես տպագրություն Գերշելի կենդանության ժամանակ այդպես էլ չընդունվեց: 1980թ-ին լուսանկարիչ, տեխնոլոգ Մայկ Վերը ստեղծում է ցիանոտիպի իր տարբերակը, որտեղ օգտագործվում է այլ քիմիանյութեր: Դրանից հետո այդ մեթոդը կիրառվում է գեղանկարչական նպատակներով և տարածվում է հատկապես լուսանկարչության մեջ: Տպագրության այլընտրանքային այս տարբերակը լայն տարածում էր գտել համաշխարհային արվեստում: Սակայն Հայաստանում եզակի լուսանկարիչներ են, ովքեր զբաղվել կամ ընդհանրապես զբաղվում են այլընտրանքային տպագրությամբ: Արմեն Տեր-Մկրտչյանը Գյումրեցի այն լուսանկարիչներից է ով զբաղվում է տպագրության այլընտրանքային տեսակով և իր փորձն ու ձեռքբերումները փոխանցել է նաև երիտասարդ արվեստագետներին:
Լաբորատորիայում՝ Տեր- Մկրտչյանի հետ արդեն մի քանի օրերի աշխատանքները շարունակվում էին: Միակ խոչընդոտը, որ կարող էր խանգարել տպագրման ցանկալի արդյունքի համար, դա համապատասխան որակյալ նյութերի բացակայությունն էր: Սակայն արդյունքները քիչ թե շատ գոհացուցիչ էին: Ընթացքում նրանց միացան նաև Երևանից ժամանած անհատ լուսանկարիչների խումբը:
Դասապրոցեսն արդեն վերածվել էր թիմային աշխատանքի, ստացված գործերը կարիք ունեին <<դուրս գալու>>, և ցուցադրված լինելու:
Այսպես՝ Գյումրիի Գալերի 25 սրահում տեղի ունեցավ <<Ցիանոտիպիա>>-ն: Այո՝ ցուցահանդեսի անունն արդեն տարօրինակ չէր հնչում, կատարման տեխնիկան հասկանալի էր: Պարզ, կապտավուն պատկերները, որոնք բառիս բուն իմաստով առաջացել էին աչքերիս դիմաց, պետք է, որ չթվային անծանոթ: Սակայն արդեն ցուցասրահում, էքսպոզիցիոնալ դասավորության մեջ տեսնելով լուսանկարները և զգալով դրանց առանձնահատուկ միստիկ աուրան՝ շփոթմունքն անզսպելի էր, իսկ մտքում շրջանառվում էր մի հարց՝ որը հետաքրքրում էր բոլոր ներկաներին ևս, վերջապես ինչ են դրանք, մի՞թե լուսանկարներ:
Ցիանոտիպի տպագրությամբ ստեղծված լուսանկարների այս ցուցադրությունն առաջինն է իր բնույթով Հայաստանի համատեքստում: Պատահական չէ, որ մեկնարկը տրվեց հատկապես Գյումրիում, և կարևորվեց նրանով, որ հենց Գյումրեցի ուսանողներն էին, ովքեր սովորեցին, և դարձան սկսնակ փորձարարներ մի շատ կարևոր և պատասխանատու գործում:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում <<Ցիանոտիպիա>>-ն էր: Ներս մտա այն պահին, երբ գրաֆիկայի ուսանողները Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ, ցուցասրահում, ցուցադրության ընթացքում, բայց արդեն որպես մասնակիցներ հենց իրենք էին հանդիսատեսին բացատրում ցիանոտիպի տպագրությունն ու լուսանկարների էությունը: Գալերի 25-ից հետո <<Ցիանոտիպիան>>-ն վերադարձավ և ցուցադրվեց նաև այնտեղ, որտեղ ստեղծվել ու հիմք էր դրվել:
Մասնակիցներ՝ Կարինե Խաչատրյան, Նուշ Պետրոսյան, Օֆելյա Միլիտոսյան, Ջուլիետտա Ավագյան,Կարեն Բարսեղյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Սոնա Անդրեասյան, Մանե Հովհաննիսյան, Միքայել Նաղդալյան
Կազմակերպիչներ՝ Արմեն Տեր-Մկրտչյան, Սոնա Անդրեասյան:
ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղում <<Ցիանոտիպիա>>-ն էր: Ներս մտա այն պահին, երբ գրաֆիկայի ուսանողները Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ, ցուցասրահում, ցուցադրության ընթացքում, բայց արդեն որպես մասնակիցներ հենց իրենք էին հանդիսատեսին բացատրում ցիանոտիպի տպագրությունն ու լուսանկարների էությունը: Գալերի 25-ից հետո <<Ցիանոտիպիան>>-ն վերադարձավ և ցուցադրվեց նաև այնտեղ, որտեղ ստեղծվել ու հիմք էր դրվել:
Մասնակիցներ՝ Կարինե Խաչատրյան, Նուշ Պետրոսյան, Օֆելյա Միլիտոսյան, Ջուլիետտա Ավագյան,Կարեն Բարսեղյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Սոնա Անդրեասյան, Մանե Հովհաննիսյան, Միքայել Նաղդալյան
Կազմակերպիչներ՝ Արմեն Տեր-Մկրտչյան, Սոնա Անդրեասյան:
Տեքստի հեղինակ՝ արվեստաբան Գայանե Պապիկյան