Կրթաթոշակների նոր ծրագիրը
Գալիք երեք տարիների համար ուրախ ենք հայտարարել նոր կրթաթոշակային ծրագրի մասին, որն իրականացնելու ենք շվեյցարական Հիրշման հիմնադրամի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ։ Յուրաքանչյուր տարի 30 ընտրված ուսանողներ ոչ միայն կստանան կրթաթոշակ, այլև հնարավորություն կունենան ներդրում ունենալ իրենց համայնքի զարգացման գործում՝ իրականացնելով իրենց իսկ նախաձեռնած ծրագրերը։
Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի և Գյումրու բուհերի ուսանողներին իրենց ուսումն անխափան իրականացնել։
Ծրագրի պարտադիր տարրերից մեկն է կրթաթոշակառուների կողմից փոքրիկ նախաձեռնությունների իրականացումը, նախընտրելի է համայնքներում և իրենց մասնագիտական ոլորտում: Մեր թիմը, ունենալով նախագծերի իրականացման երկար տարիների փորձ, կաջակցի և կուղղորդի ուսանողներին` իրենց գաղափարները ծրագրերի վերածելու և դրանք կյանքի կոչելու հարցում: Սա կնպաստի նրանց սոցիալական ներգրավվածության և համայնքների հետ հարաբերությունների ամրապնդմանը: Այս փորձառությունը կզարգացնի կարևոր հմտություններ և կօգնի բացահայտել տարբեր հնարավորություններ իրենց մասնագիտական ոլորտներում՝ նպաստելով աշխատաշուկա մուտք գործելուն: Ծրագրի այս բաղադրիչն իրականացնելու հարցում «ԿԱԶԱ»-ն սերտորեն աշխատելու է համալսարանների հետ։
Ընտրության չափանիշները
Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել ստորև սահմանված բոլոր չափանիշներին համապատասխանող ուսանողները.
· Ուսում առկա համակարգում՝ սկսած բակալավրիատի երկրորդ կուրսից և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում
· Բարձր առաջադիմություն
· Նախաձեռնողականություն և գործունություն
· Պատրաստակամություն իրականացնելու համայնքային զարգացմանը նպաստող նախաձեռնությունը
Կրթաթոշակի չափը
Յուրաքանչյուր ուսանող կստանա կրթաթոշակ առավելագույնը 700,000 ՀՀԴ չափով: Կրթաթոշակ տրամադրելիս հաշվի ենք առնում նաև տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափը և ֆինանսավորման հնարավոր լրացուցիչ աղբյուրները: Հետևաբար, հատկացվող գումարի չափը տարբերվում է` կախված ուսանողին համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից տրամադրվող աջակցության չափից:
Մեր ակնկալիքները կրթաթոշակառուներից
· Բարձր առաջադիմություն ցուցաբերել ուսման մեջ
· Խորը պատասխանատվությամբ իրականացնել նախաձեռնած ծրագիրը
· Կրթաթոշակ ստանալուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո հաշվետվություն-զեկույց գրել տվյալ ուսումնական ոլորտի և մասնագիտական նպատակների վերաբերյալ, որը կհրապարակվի Հիրշման հիմնադրամի կայքում
· Զարգացնել իր մասնագիտական ոլորտը Հայաստանում
· Համագործակցության ավարտից հետո պահել կապը մեր հիմնադրամի հետ
Կրթաթոշակառուների ընտրությունը
Ընտրության գործընթացը բաղկացած է 4 փուլից.
· համապատասխանություն սահմանված չափանիշներին (ցանկացած արդյունքի մասին ուսանողները տեղեկացվում են էլեկտրոնային նամակով)
· ընտրական հանձնաժողովի գնահատում
· ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույց
· ընտրված կրթաթոշակառուների հաստատում Հիրշման հիմնադրամի կողմից
Հայտադիմումներն ուսումնասիրում է հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պատասխանատուն։ Համապատասխանության չափանիշներին բավարարող բոլոր հայտադիմումներն ուսումնասիրում և գնահատում է ընտրական հանձնաժողովը։ Հայտադիմումներն ուսումնասիրելիս առավելություն կտրվի ծրագրի համագործակից հետևյալ համալսարանների ուսանողներին։ Համալսարանների ցանկը հետագայում կարող է ընդլայնվել։
· Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
· Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
· Հայաստանում ֆրանսիական համալսարան
· Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
· Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայ Գյումրու մասնաճյուղ
Բոլոր այն ուսանողները, որոնց հայտադիմումները գնահատումից հետո կհաղթահարեն սահմանված անցումային շեմը, կհրավիրվեն ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի։ Հարցազրույցից հետո բոլոր ուսանողները սահմանված ժամկետում կտեղեկանան հարցազրույցի արդյունքների մասին։ Վերջնական որոշումը կայացվում է հայտադիմումների նախնական գնահատման, ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների հիման վրա Հիրշման հիմնադրամի կողմից։
Դիմելու համար անհրաժեշտ փաթեթը
1. Դիմումը՝ լրացված կից ձևի մեջ
2. Ուս. հաստատության կողմից տրված տեղեկանքի սկանը, որտեղ նշված կլինի մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը
3. Երկու երաշխավորագիր համալսարանում տվյալ մասնագիտական առարկան դասավանդող դասախոսների կամ տվյալ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կողմից (երաշխավորագիրը հարկավոր է ներկյացնել կից ներկայացված ձևի մեջ՝ ստորագրված և սկան արված տարբերակով)
4. Վերջին մեկ տարվա գնահատականների մասին տեղեկանքի սկանը
5. Առավելագույնը 2 րոպե տևողությամբ տեսնյութի հղումը (wetransfer, youtube, vimeo), որում խնդրում ենք պատմել համայնքների զարգացմանը նպաստող ծրագրային գաղափարի մասին՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝
· Ի՞նչ համայնքային խնդրի լուծմանն է ուղղված ձեր նախաձեռնությունը։
· Ո՞րն է ծրագրային ձեր գաղափարը։
· Ինչո՞ւ է ըստ ձեզ անհրաժեշտ ու հրատապ տվյալ խնդրի լուծումը։
· Ի՞նչ փոփոխությու եք ուզում բերել ձեր ծրագրով։
· Ո՞ւմ համար է լինելու ծրագիրը։
· Ի՞Նչ առնչություն ունի ձեր նախաձենությունը ձեր մասնագիտության և մասնագիտական ունակությունների զարգացման հետ:
6. Ազատ ոճի որակյալ լուսանկար, որում հստակ երևում է ձեր դեմքը։
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է նշված փաթեթն ուղարկել kasaam@kasa.am էլ․ հասցեին մինչև ս․թ․ փետրվարի 5-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով Կրթաթոշակի դիմում։
🔼Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ 05․02․2021թ․
🔼15 թեկնածուի ընտրություն հանձնաժողովի կողմից 12․02․2021թ.
🔼Hirschmann հիմնադրամի կողմից հաստատում 15․03․2021թ․
🔼Կրթաթոշակառուների հետ պայմանագրերի կնքում և ծրագրի մեկնարկ 30․03․2021թ․
- ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԵՔ ՀՂՈՒՄՈՎ՝ https://drive.google.com/