Հոկտեմբերի 8-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում ջերմ ընդունելություն էր. այցելել էին ոչ թե հյուրեր, այլ, մասնաճյուղի տնօրենի բնորոշմամբ, երկու հատուկ մարդիկ՝ ակադեմիայի բարեկամները՝ ավստրիացի
հրապարակախոս,արվեստի քննադատ Բարբարա Դենշերը և Ռոբերտ Միրզոյանը: Առանց նրանց՝ չի կարելի պատկերացնել ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը. մեծ է նրանց ավանդը ակադեմիայի կայացման և զարգացման գործում։ Նրանց շնորհիվ է ստեղծվել բուհում Վիեննական ակումբը, և ակումբում առկա է Հայաստանում եզակի՝ ժամանակակից արվեստի նոր գրականություն՝ անմիջապես Վիեննայից: Այս կապերի և համագործակցության շնորհիվ 2000 թվականից անցկացվել են բազմաթիվ ցուցահանդեսներ, վերապատրաստումներ ինչպես ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի ,այնպես էլ ուսանողների մասնակցությամբ Ավստրիայում:
   Մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի ընդունելության ողջույնի խոսքից հետո, ողջույնի խոսքով հանդես եկավ նաև պարոն Միրզոյանը։

   Պարոն Միրզոյանը ներկայացրեց օրվա բանախոսին՝ Բարբարա Դենշերին։ Նա Եվրոպայի մշակույթի խոշոր գիտակ է, դոկտոր և հիմնականում աշխատում է թատրոնի պատմության և մշակույթի ասպարեզում։ Նշենք, որ Բարբարա Դենշերը, սիրելով Հայաստանը, սովորել է հայերեն լեզուն, և ուսուցիչը եղել է իր հայ հարևանը։ Նա մեծ կապող օղակ է եղել Վիեննայի մշակույթի բաժնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբի և ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի միջև։ Նա ունի Հայաստանի մասին հրատարակած գիրք, որը երեք անգամ վերահրատարակվել է՝ «Արարատի հովանու ներքո» խորագրով: Գիրքը հրատարակել է հայտնի BICOS հրատարակչությունը, և գրքի շնորհիվ Բարբարա Դենշերը Հայաստանը դարձրել է ավելի ճանաչելի։

   Բարբարա Դենշերը այս անգամ եկել էր բանախոսությամբ՝ ներկայացնելով 2019 թվականի Վենետիկի միջազգային Բիենալեն: Ցուցադրելով և վերլուծելով տարբեր երկրների Բիենալեի նախագծերը և արվեստային տաղավարները ,տիկին Դենշերը նաև անդրադարձավ հայկական տաղավարին ,որի այս տարվա կարգախոսը և թեման Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունն էր։ Բանախոսությունից հետո Բ. Դենշերը և պարոն Միրզոյանը մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի ուղեկցությամբ եղան ակադեմիայի լսարաններում, լաբորատորիաներում, մասնավորապես՝ հագուստի մոդելավորման բաժնում, որտեղ Բարբարա Դենշերը իրեն հետաքրքրող շատ բաներ գտավ։

տեսանյութը ՀԳՊԱ ԳՄ-ի ֆեյսբուքյան էջից   բանախոս ՝  Բարբարա Դենշեր/ Վենետիկի Բիենալը




































































ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ 2019թ