Սեպտեմբերի 24-ը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում դասվեց բուհի տոնական օրերի շարքում. մասնաճյուղի ամբողջ անձնակազմը և ուսանողները «ՍԹԻԼ» Գրաֆիկայի թանգարանում էին: Մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը որոշել էր բուհում ավելացնել ևս մեկ ավանդույթ և այն դարձնել ամենամյա, ինչպես սեպտեմբերմեկյան էքսկուրսիան բուհի ամբողջ տարածքում։ Այս անգամ առիթը 1-ին կուրսի ուսանողների ուսանողական և քննական գրքույկների հանձնումն էր՝ իբրև ուսանողի յուրօրինակ «անձնագիր»: «ՍԹԻԼ» Գրաֆիկայի թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, ով մեծ սիրով էր համաձայնել տարածքը տրամադրել միջոցառման համար, շնորհավորեց ուսանողներին և հատկապես կարևորեց ուսանող-պատկերասրահ համակողմ հետաքրքրությունն ու հետագայում համագործակցությունը, կարևորեց վայրի ճիշտ ընտրությունը: Գրքույկների հանդիսավոր հանձնումից հետո մասնաճյուղի տնօրենը ևս մեկ անակնկալ էր պատրաստել բուհի նորընծա ուսանողների համար /և ոչ միայն/՝ էքսկուրսիա «Կումայրի» արգելոց-թանգարանի ամբողջ տարածքով, որը ներառում է Գյումրու պատմական միջուկը։ Այս հարցում Վ․Ղուկասյանին մեծապես աջակցելու և էքսկուրսիան վարելու ցանկություն էր հայտնել արգելոց-թանգարանի վաղեմի աշխատակից Պարույր Զաքարյանը։ Մոտ 2 ժամ քաղաքի պատմական միջուկին ծանոթացնելուց, պատմական ակնարկներից և քաղաքի անցուդարձի կարևոր դրվագները պատմելուց հետո Պարույր Զաքարյանը ցանկություն հայտնեց բուհի ուսանողների հետ հանդիպումները և էքսկուրսիաները դարձնել շարունակական և կրկին հանդիպելու առաջարկություն արեց, քանի որ նաև հնարավոր չէր ընդամենը երկու ժամվա ընթացքում ծանոթացնել այն մեծ ժառանգությանը, որը միտում ունի դառնալու համաշխարհային:
Ա․Հովհաննիսյան․