Գիրք ստանալը միշտ էլ հաճելի է ցանկացած մարդու համար, ցանկացած իրավիճակում, սակայն երբ այն ստանում ես որպես պարգևատրում հաճույքն ու ոգևորությունը դառնում է կրկնապատիկ:
Նոյեմբերի 24-ին ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հումանիտար առարկաների ամբիոնը՝ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին մի իրադարձություն, որը, թերևս, ինքնատիպ էր իր բնույթով՝ ռեֆերատների մրցույթ/ցուցադրություն: Սկզբնապես հակասական թվացող իրավիճակ, ռեֆերատ որն ինքնին ենթադրում է տեքստային, ձևաչափային և գիտակարգային մի բան, և ցուցադրություն, որն ավելի շուտ բնորոշ է ստեղծագործական երևույթին: Ռեֆերատներն իրականում ստեղծվել էին 2015-2016 թթ. արվեստի պատմության դասընթացի շրջանակներում (Արաքս Մարգարյանի հանձնարարությամբ և ղեկավարմամբ) գրաֆիկա և գեղանկար բաժինների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների կողմից: Ու քանի որ ռեֆերատների հեղինակները արվեստագետներ էին, արդեն ենթադրում էր ստեղծագործական մոտեցում: Եվ իրոք, ուսանողները դասաժամերի ընթացքում իրենց հետաքրքրող բազմազան և ընդգրկուն թեմաները (Եգիպտոսի, Հին Հունաստանի արվեստներ, Վերածնունդ, նախնադարյան արվեստ, հայ մանրանկարչություն և այլն) ներկայացրել էին միանգամայն տարբեր, յուրովի, ինքնատիպ և ամենակարևորն է արվեստային մոտեցմամբ: Դրանցից յուրաքանչյուրը կարելի է դիտել արդեն որպես լիարժեք արվեստի գործ, գրաֆիկական արվեստի, գրքարվեստի համատեքստում: Նախաձեռնությունն արդեն կարևոր էր նրանով, որ առաջին հերթին կոտրվեց ռեֆերատների հանդեպ եղած չոր, զուտ գիտական, ինչ-որ տեղ անհրապույր <<պարտադրանք>> լինելու գաղափարը: Իսկ արդեն ցուցադրվելով հանրային, գրքային միջավայրում ռեֆերատները դուրս եկան դասապրոցեսի շրջանակներից: Մյուս կողմից էլ` մասնակից-ուսանողների համար ստեղծվեց մրցակցային իրավիճակ, քանի որ լավագույն երեք աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին հատկապես արվեստագետի համար ցանկալի մրցանակներով՝ գրքերով և պատվոգրերով: Պետք է նշել, որ <<լավագույն ռեֆերատ>> մրցույթը արդեն դարձել է բարի ավանդույթ ԲՈՒՀ-ի համար, քանի որ արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում է այս փոքրիկ տոնը:



արվեստաբան` Գայանե Պապիկյան











































նկարիները ՝             Ա.Հովհաննիսյանի