Ընդհանուր դրույթներ

1. Սույն կարգը մշակված է հիմք ընդունելով «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ՀՀ ԿԳ նախարարի

2007թ. դեկտեմբերի 6-ի № 1193 – Ն հրամանի հավելված՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը:

2. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) մագիստրատուրայի ընդունելության ընթացակարգը և պայմանները:

3. ՀԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը կարող են շարունակել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող անձինք:

4. ՀԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը կարելի է շարունակել «Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա», «Արվեստաբանություն», «Դիզայն», «Ինտերիերի դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Հագուստի մոդելավորում» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտություններով:

 

Փաստաթղթերի ընդունումը

5. Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

6. Օտարերկրյա քաղաքացիները մագիստրատուրա կարող են ընդունվել վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ կամ միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին:

7. Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:

1) Ընդունելության 1-ին փուլին կարող են մասնակցել միայն ՀԳՊԱ-ի բակալավրիատի տվյալ մասնագիտության տվյալ տարվա շրջանավարտները:
2) 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ըստ վճարովի ուսուցման տեղերի:
3) Ընդունելության 2-րդ փուլին կարող են մասնակցել ՀԳՊԱ-ի և այլ պետական կամ հավատարմագրված բուհերի ընթացիկ, նախորդ տարիների ինչպես նաև 1-ին փուլով չընդունված շրջանավարտները:
4) 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերը ընդունվում են հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
5) 2-րդ փուլով մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամանակահատվածում:

8. Մագիստրատուրա ընդունվելու համար դիմումը տրվում է կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր՝

1) բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմը, դիպլոմի հավելվածը (միջուկը) և դրանց պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3×4 չափի),
3) ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 ՀՀ դրամ վճարման անդորրագիր,
4) հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
5) Ըստ մասնագիտությունների դիմորդները պետք է ներկայացնեն նաև՝

  • «Դիզայն», «Հագուստի մոդելավորում» և «Դեկորատիվ կիրառական արվեստ» մասնագիտությունների դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող նախագծեր «Աշխատանք նյութի վրա» և «Կոմպոզիցիա» առարկաներից,
  • «Գրաֆիկա» և «Գեղանկարչություն» մասնագիտությունների դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող աշխատանքներ «Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից,
  • «Քանդակագործություն» մասնագիտության դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող աշխատանքներ «Գծանկար», «Քանդակ», «Կոմպոզիցիա» առարկաներից,
  • «Արվեստաբանություն» մասնագիտության դիմորդները պետք է ներկայացնեն տվյալ մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի պահանջներին համապատասխանող աշխատանք:

 

Ընդունող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

9. Մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացմամբ ՀՀ կառավարության կողմից հաստատված տվյալ տարվա մասնագիտությունների ընդունելության ցանկի:

10. ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքում կամ զանգվածային լրատվության միջոցներով տրվում է հայտարարություն՝ ընդունելության մասնագիտությունների, տեղերի և կանոնների վերաբերյալ:

11. Մագիստրատուրայի ընդունելության անցկացման համար, ՀԳՊԱ ռեկտորի հրամանով և նախագահությամբ, ստեղծվում են՝

  • ընդունող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ուսումնագիտական գծով պրոռեկտորը, ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի ղեկավարը և ֆակուլտետների դեկանները,
  • մասնագիտական հանձնաժողովներ՝ ըստ մասնագիտությունների, որոնց կազմում ընդգրկվում են համապատասխան մասնագիտությունների թողարկող ամբիոնների վարիչները և/կամ ամբիոնների փորձառու դասախոսներ:

12. 2-րդ փուլի դիմորդների հետ մասնագիտական հանձնաժողովները անցկացնում են հարցազրույց, որի ընթացքում՝

  • «Դիզայն», «Հագուստի մոդելավորում», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Գրաֆիկա», «Գեղանկարչություն» և «Քանդակագործություն» մասնագիտությունների դիմորդները մեկնաբանում են իրենց կողմից ներկայացված նախագծերը և աշխատանքները,
  • «Արվեստաբանություն» մասնագիտությունների դիմորդները ներկայացնում են իրենց գիտելիքները համապատասխանաբար «Հայ արվեստի պատմություն», «Համաշխարհային արվեստի պատմություն» առարկաների իմացության ոլորտներում:

13. Մասնագիտական հանձնաժողովները հարցազրույցի և ներկայացված նախագծերի հիման վրա կազմում են գրավոր կարծիք, որում նշում են 2-րդ փուլի դիմորդների համապատասխան մասնագիտությամբ ՀԳՊԱ-ի մագիստրատուրայում ուսումը շարունակելու հնարավորության վերաբերյալ:

14. Ընդունող հանձնաժողովը, մասնագիտական հանձնաժողովների կարծիքների հաշվառմամբ իրականացնում է մրցույթ ըստ մասնագիտությունների:

15. Կազմակերպության ղեկավարը ընդունող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունված դիմորդներին: Վճարովի ուսուցման տեղերը մրցույթով զբաղեցրած դիմորդների հրամանագրումը կատարվում է սահմանված ժամկետում ուսման վարձը վճարելուց հետո:

 

Մրցույթի անցկացումը


16.
 Մագիստրատուրայի ընդունելության մրցույթը 2-րդ փուլում անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1) մասնագիտական հանձնաժողովի դրական գրավոր կարծիքի,
2) նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատականով,
3) մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականով,
4) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
5) ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատականով:

17. 2-րդ փուլին մրցույթի ժամանակ առաջնահերթությունը տրվում է 1-ին փուլով չընդունված դիմորդներին, որոնք մասնակցում են մրցույթին առանց հարցազրույցի՝ ավարտական աշխատանքի գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին գնահատականի  հիման վրա:

18. Կազմակերպությունը մրցույթով անցած մագիստրոսների հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին:

հատկացված տեղերը և ուսման վարձավճարի չափերը