ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմադրման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 2-ին
մեկնարկեց արվեստի տեսություն և հումանիտար առարկաների ամբիոնի կողմից կազմակերպված դասախոսությունների շարքը: Մեկնարկը տվեց նույն ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքսյա Մարգարյանը: Գյումրու մասնաճյուղի Վիեննայի ակումբում Ա. Մարգարյանը ներկայացրեց Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հանգամանորեն նկարագրվեց հայ ծովանկարիչ /բնանկարիչ/ Հովհաննես Այվազովսկու կյանքն ու ստեղծագործությունը:
Ա. Մարգարյանը խոսեց Հ. Այվազովսկու մանկության տարիների, նկարչության մեջ
նրա առաջին փորձերի ու մասնագիտական կողմնորոշման մասին: Այնուհետև անցում կատարվեց նկարչի կայացման ու ճանաչման տարիներին: Բանախոսը կարևորեց նաև նրա գործունեությունը՝ իբրև ակտիվ հասարակական գործչի ու քաղաքացու: Ինչպես գիտենք, Այվազովսկին եղել է ռուսական կայսրության պատվավոր ծովակալը, Ռուսաստանի և եվրոպական մի քանի ակադեմիաների իսկական անդամը: Նա ծավալել է մեծ մարդասիրական գործունեություն. իր հարազատ Թեոդոսիայում Այվազովսկու հովանավորությամբ անցկացվել է երկաթուղի, բացվել արվեստի դպրոց, պատկերասրահ, քաղաքը ապահովվել խմելու ջրով։ Կենսագրական տվյալների և նկարչի կյանքի հետ կապված հետաքրքիր դրվագների նկարագրմանը զուգահեռ՝ բանախոսության ընթացքում ներկայացվեց գործերի վերլուծությունը /«Աշխարհի արարումը» («Քաոս»), «9-րդ ալիք», «Տագնապալի աղետ», «Սև ծով», «Հանգիստ Ղրիմի ափերին», «Նավարինի ճակատամարտը»/:
Ա. Մարգարյանը մեկնաբանեց նաև նկարչի աշխատանքային մեթոդները, մանրամասնեց ակադեմիական կոչվող նկարելաեղանակը, որով առաջնորդվում էր Այվազովսկին:
Գործերի վերլուծության հիման վրա տեսականորեն հիմնավորվեց նաև նկարչի հայկական առնչությունները և հայկական թեմատիկան /«Հայերի ջարդը Տրապիզոնում», «Նոյը իջնում է Արարատից», «Բայրոնի ժամանումը Մխիթարյան միաբանություն»/: Միջոցառման վերջում ցուցադրվեց նաև Այվազովսկուն նվիրված փոքրիկ ֆիլմ: Այս ամենը լիարժեք պատկերացում տվեց ծնունդով Թեոդոսիայից /Ղրիմ/, հայկական արմատներով, ամբողջ աշխարհում ճանաչված և իր ժանրի մեջ չգերազանցված նկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին: