021401.01.6 ԴԵԿՈՐԱՏԻՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ


Դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Գծանկար» «գունանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից:




1. «Գծանկար» 
Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքները և ունակությունները գծանկարում ստուգելու նպատակով տրվում է առաջադրանք՝ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ A2 չափի թղթի վրա նկարել նատյուրմորտ՝ պահպանելով տեղադրման, կոնստրուկտիվ կառուցման և հեռանկարի կանոնները, ստանալ առարկաների արտաքին իրական ձևերը, լույսի ու ստվերի միջոցով լուծել ծավալային և տարածական խնդիրները: 
Անհրաժեշտ նյութերը
Կոշտ և փափուկ մատիտներ, A2 չափի թուղթ, 50x70 չափի պլանշետ, ռետին, սրիչ: Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում: 
Գնահատման չափանիշները.
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ 0-4 միավոր 
բ)դրված առարկաների հարմոնիկ կապը միմյանց հետ, արտաքին ձևերի պահպանումը և համաչափությունները, հեռանկարի խնդրի լուծումը 0-6 միավոր 
գ) լույսի, ստվերի, ծավալի և տոնային հեռանկարի խնդիրների լուծումը 0-6 միավոր 
դ) գծանկարչական տեխնիկան, կատարման որակը 0-4 միավոր

2. «Գունանկար»
 Նատյուրմորտ. Դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է նատյուրմորտ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ առաջադրանք: A2 չափի թղթի վրա ջրային ներկով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ՝ լուծելով թղթի մակերեսի մեջ տեղավորելու, հեռանկարը և իրերի համաչափությունները կառուցելու, ծավալները տաք և սառը գույներով ու գունային ներդաշնակությունը կազմակերպելու խնդիրները (ըստ միջավայրի): 
Անհրաժեշտ նյութերը.
 A2 չափսի թուղթ, 50x70 չափի պլանշետ, ջրային ներկեր (ջրաներկ, գուաշ, տեմպերա, ակրիլ), մատիտ, ջրի բաժակ, վրձիններ: Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում: 
Գնահատման չափանիշները. 
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ 0-4 միավոր 
բ) առարկաների, արխիտեկտոնիկ կապը, համաչափությունը, հեռանկարի խնդրի լուծումը , կառուցումը 0-4 միավոր 
գ) առարկաների ծավալների, լուսաստվերների և պլանային խնդիրների լուծումը գույնով 0-6 միավոր 
դ) առարկաների գունային ներդաշնակությունը, գունային արտացոլանքները, սառը և տաք գունատոների փոխհարաբերությունները, նյութականության խնդիրը 0-6 միավոր

3. «Կոմպոզիցիա» 

Առաջադրանք N1. 
դիմորդի հարթապատկերային և գունային զգացողությունը բացահայտող առաջադրանք: Տրվում է 1-2 զարդանախշ, որոնց կիրառմամբ դիմորդը պետք է ստեղծի հորինվածք: Արդյունքում դիմորդը պետք է լուծի հետևյալ խնդիրները. 
ա. տրված զարդանախշերը կիրառելով ստեղծել համապատասխան հորինվածք գույնով; 
բ. ապահովել կատարողական վարպետությունը: Գնահատման չափանիշները. 
ա) հորինվածքի կատարումը և համապատասխանությունը տրված զարդանախշերին 0-3 միավոր 
բ) հորինվածքի տեղադրումը մակերեսի վրա 0-2 միավոր 
գ) հորինվածքի գունային լուծումը 0-3 միավոր 
դ) կատարողական վարպետությունը 0-2 միավոր 
Առաջադրանք 2. 
հորինվածք տրված երկրաչափական պատկերներով: A2 չափսի թղթի վրա, օգտվելով տրված ոչ պակաս 3 երկրաչափական պատկերներից (ըստ դիմորդի ընտրության) և այդ պատկերների համադրությամբ կրկնությամբ կամ դրանց չափերի մեծացման կամ փոքրացման միջոցով կազմակերպել կոմպոզիցիա: Լուծումը միագույն գրիզալ և հարթային: 
Գնահատման չափանիշներ
ա) ստեղծագործության տեղադրումը թղթի մակերեսի մեջ 0-3 միավոր 
բ) երկրաչափական պատկերների չափսերի փողադարձ հարաբերակցությունը 0-1 միավոր 
գ) կոմպոզիցիոն կառուցումը 0-3 միավոր 
դ) տոնային (կոլորիտի) լուծումները, կատարողական հմտությունները և որակը 0-3 միավոր Անհրաժեշտ նյութերը
A2 չափի թուղթ, 50x70 չափի պլանշետ, մատիտ, ջրային ներկեր, տուշ, ֆլոմաստերներ, գծագրական գործիքներ: Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):