Դիզայն (021201.01.6)


021201.01.6 ԴԻԶԱՅՆ
Դիզայն մասնագիտությամբ ՀԳՊԱ ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Նկարչություն» և «Կոմպոզիցիա» առարկաներից: 

1. «Նկարչություն» 

Առաջադրանք № 1. «Գծանկար» Նատյուրմորտ. դիմորդի գիտելիքները և ունակությունները գծանկարում ստուգելու նպատակով տրվում է առաջադրանք՝ բարդ երկրաչափական մարմինների և կենցաղային առարկաների համադրությամբ A2 չափի թղթի վրա նկարել նատյուրմորտ՝ պահպանելով տեղադրման, կոնստրուկտիվ կառուցման և հեռանկարի կանոնները, ստանալ առարկաների արտաքին իրական ձևերը, լույսի ու ստվերի միջոցով լուծել ծավալային և տարածական խնդիրները: Անհրաժեշտ նյութերը. Կոշտ և փափուկ մատիտներ, A2 չափի թուղթ, 50x70 չափի պլանշետ, ռետին, սրիչ: Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում: 
Գնահատման չափանիշները.
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսի մեջ 0-2 միավոր 
բ) դրված առարկաների հարմոնիկ կապը միմյանց հետ, արտաքին ձևերի պահպանումը և համաչափությունները, հեռանկարի խնդրի լուծումը 0-2 միավոր 
գ) լույսի, ստվերի, ծավալի և տոնային հեռանկարի խնդիրների լուծումը 0-3 միավոր  
դ) գծանկարչական տեխնիկան, կատարման որակը 0-3 միավոր

 Առաջադրանք № 2. «Գունանկար» Բարդ նատյուրմորտ. դիմորդի գիտելիքներն ու ունակությունները պարզելու նպատակով տրվում է առաջադրանք` կենցաղային առարկանների ու երկրաչափական մարմինների համադրությամբ նատյուրմորտ: A2 չափսի թղթի վրա ջրային ներկերով անհրաժեշտ է նկարել նատյուրմորտ, տրված թղթի մակերեսում, լուծելով` տեղադրման, հեռանկարի, իրերի կառուցման, համաչափությունների, գունատոների, միջավայրի գունային ներդաշնակության (տաք և սառը տոների փոխհարաբերություններ և արտացոլանքեր) և ծավալային խնդիրները: Անհրաժեշտ նյութերը. A2 չափսի թուղթ, 50x70 չափի պլանշետ, ջրային ներկեր (ակրիլ, տեմպերա, գուաշ, ջրաներկ), մատիտ, ջրի բաժակ, վրձիններ: Կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում:
Գնահատման չափանիշները
ա) նատյուրմորտի տեղադրումը թղթի մակերեսին 0-2 միավոր 
բ) առարկաների արխիտեկտոնիկ կապը, համաչափությունները և հեռանկարի խնդրի լուծումը 0-2 միավոր 
գ) առարկաների ծավալային և նյութականության խնդիրների լուծումը 0-3 միավոր
դ) առարկաների գունատոները, գունային արտացոլանքները, սառը և տաք տոների փոխհարաբերությունների լուծումը 0-3 միավոր 

2. «Կոմպոզիցիա» 

Առաջադրանք №1.
 Պրոեկցիոն գծագրություն և լծորդումներ 
ա) Գծագրության գիտելիքները բացահայտելու նպատակով դիմորդին առաջադրվում է գծագրել գլան, կանոնավոր պրիզմա, բուրգ, կոն, որի մեջ բացված է «Y» կամ «Z» կոորդինատային առանցքին զուգահեռ, այլ կանոնավոր մարմնի հատումով գոյացած անցք: Տրվում են երկու պրոյեկցիաները, որոնցից մեկը թերի է: Պահանջվում է լրացնել թերի պրոյեկցիան, գծագրել երրորդը` ցույց տալով չերևացող գծերը և կառուցել ակնառու պատկերը (աքսոնոմետրիա): 
բ) Դիմորդին առաջադրվում է երկրաչափական բարդ (բաղադրյալ) պատկեր, որի կառուցումը ստուգում է երկրաչափական գծագրության լծորդումների իմացություն: 
Գնահատման չափանիշները.
ա) տրված պրոյեկցիաների լրացում (չնշված տարրերի գծագրում) երրորդ պրոյեկցիայի գծագրում 0-4 միավոր 
բ) ակնառու պատկերի (աքսոնոմետրիայի) կառուցում 0-4 միավոր 
գ) լծորդման խնդրի կառուցումը և ընդհանուր գծագրական տեխնիկան և կատարման որակը 0-2 միավոր 

Առաջադրանք № 2
Գունային և հարթային կոմպոզիցիա (ստեղծագործական աշխատանք) Դիմորդին առաջադրվում է պրոյեկցիոն գծագրության տրված տեսքերի կիրառմամբ, դրա կրկնության, չափերի և դիրքերի փոփոխության միջոցով կատարել գույնով հարթային հորինվածք։ Գնահատման չափանիշները. 
ա) պատկերը կազմող բաղկացուցիչ տարրերի կառուցումը, ստեղծագործության տեղադրումը թղթի վրա 0-3 միավոր 
բ) ստեղծագործության մեջ երկրաչափական մարմինների բազմազանությամբ արտահայտված դիմորդի ստեղծագործական միտքը 0-3 միավոր 
գ) կատարված հորինվածքի գույների ներդաշնակությունը և աշխատանքի կատարողական հմտությունները 0-4 միավոր 

Անհրաժեշտ նյութերը. A2 չափի գծագրական թուղթ, 50x70 չափի պլանշետ, գծագրական պիտույքներ, երկու եռանկյուն քանոն (45˚և 60/30˚ անկյուններով), կարկին, ջրային ներկեր (գունավոր մատիտներ և/կամ ֆլոմաստերներ), ջրի բաժակ, վրձիններ, ռետին: Առաջադրանքների կատարման ժամաքանակը. Ընդհանուր տևողությունը 8 ակադեմիական ժամ, կազմակերպվում է 1 օրվա ընթացքում (ընդմիջմանը դիմորդները մնում են քննասենյակում):