Մարտի 9-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում բացվեց ՀԳՊԱ ԳՄ-ի դասախոս, արվեստագետ, մոդելավորող Տաթև Հարթենյանի անհատական ցուցահանդեսը:
Տաթև Հարթենյանի «Գարնանամուտ» շարքը արթնացման, վերափոխման մասին է, արարման նոր մեկնարկ է, զարթոնքի, հույսի, վերածնման ուղերձ։
Ծաղիկը սիրո խոստովանություն է, նաև՝ հիշողություն ու խոնարհում, իսկ Տաթևի աշխատանքներում ամենաշատ հանդիպողը՝ երիցուկները, դառնում են մաքրության ու ապաքինման խորհրդանիշ։ Նկարչուհու պատկերած վառ կակաչները, վարդաշուշանները, անթառամները, հասմիկները, նարգիզներն ու վարդերը, երիցուկները հիմնված են նուրբ գունային անցումների վրա: Թղթի վրա նկարելով յուղաներկով՝ Տաթևը ստանում է հետաքրքիր ոճավորումներ։ Արտաքուստ զուսպ և հանգիստ նկարների մեջ կարելի է զգալ կիրք, ներքին պոռթկում: Միաժամանակ դրանցում կա բարձր ճաշակ, ինչը գործերին հաղորդում է առանձնահատուկ հմայք: Զգալով գույնը իր նրբերանգներով` նկարչուհին այն բաշխում է չափազանց խնամքով: Տաթևի կենսափիլիսոփայությունը կյանքի ծնունդ է և խորապես գիտակցված իրողություն: Նրա ստեղծագործությունն արտահայտում է մարդու և բնության միությունը, կյանքի մշտանորոգ` մեռնող և հառնող էությունը: Տաթևը աշխատում է «լսել» բնության ձայները, բացահայտել նրանց խորհրդավոր էությունը: Այս գործերը առավել քան անկեղծ են ու անմիջական:
 

 


   Տեքստը` Արաքս Մարգարյան.