ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում կայացավ //Շորժա-2021// ամառային պլեներ ցուցահանդեսի բացումը։ Պլեները այս տարի անցկացվեց Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում, որը գտնվում է Սևանա լճի արևելյան- կենտրոնական հատվածում' Ճամբարակ քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա։ 2017 թվականից գյուղն անվանվել է Շողակաթ։ Սևանա լճի հյուսիս-արևելյան և հարավային մասով բնանկարը պատված է գեղատեսիլ քարաժայռերով, ինչը նկարչին ընձեռում է լայն հորիզոն՝ արարելու։ Այս տարի ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը վաղեմի ավանդույթը վերականգնեց, և տնօրինության կողմից որոշում կայացվեց, որ նաև ավելի մեծ թվով ուսանողներ ներգրավվեն։ Պլեները ղեկավարում էր մասնաճյուղի գեղանկարչության ամբիոնի դասախոս Արտյոմ Սարգսյանը, ով ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի նախկին շրջանավարտ է։ Սպասումներն արդարացան. ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները գեղեցիկ էին, գունային և կոմպոզիցիոն հարուստ լուծումներով, ներդաշնակ և թարմության շունչ հաղորդող։ Մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը բացման խոսքում նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի բուհում ուսանողական տարիները լինեն ավելի հետաքրքիր, առավել հագեցած' ի շահ մասնագիտական բարձր որակի և բնականաբար' մեծ արվեստի։ Շնորհավորանքներին միացան և իրենց հիացմունքն արտահայտեցին գեղանկարչության և գրաֆիկայի ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը' մասնավորապես կարևորելով արվեստագետ-մարդ- բնություն կապը և բարձր գնահատելով բնության գրկում' անապակ օդով ու բառի լայն իմաստով' լույսով ներծծված արարումները։

  



   


Ա․Հովհաննիսյան