Հոկտեմբերի 8-ին «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում» բացվեց
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի՝ «Ներշնչանք Գյումրիից» խորագրով արվեստային նախագիծը:Լոռվա արվեստասեր հասարակությանը ներկայացվեց ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ներկա ուսանողների և բուհի 25-ամյա գործունեության ընթացքում լավագույն շրջանավարտներից հավաքագրված աշխատանքներ՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, այլընտրանքային տպագրություն և այլն:
Բացմանը նաև ներկայացվեց ՀԳՊԱ ԳՄ-ի հագուստի մոդելավորման ամբիոնի մոդելավորող ուսանողների 2021 թվականի նորաձևության աշխատանքների հագուստի ցուցադրություն:
2022 թվականին լրանում է ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակը: Այս տարիների ընթացքում ՀԳՊԱ ԳՄ անկախ Հայաստանում՝ բարձրագույն կրթության ոլորտում եղել և մնում է բարձրարժեք մշակույթ ստեղծող, կրթող և անհատականություններ դաստիարակող ինստիտուցիա, որի մշտական նպատակն է կերպարվեստի բնագավառում հայկական մշակույթի պահպանումը և զարգացումը:
Մեկ քառորդ դար ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը կրթական պրոցեսից զատ, տարածաշրջանում մշտապես վարել է ակտիվ մշակութային քաղաքականություն՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, արվեստային նախագծեր, վերապատրաստումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Այս տարիների ընթացքում ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղը շատ կարևոր մշակութային համագործակցություն է ունեցել նաև Վանաձորի Կերպարվեստի թանգարանի հետ՝ իրականացնելով բազմաթիվ՝ թե՛ ուսանողական, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի ցուցահանդեսներ:
«Ներշնչանք Գյումրիից» նախագիծը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին ընդառաջ՝ հոբելյանական միջոցառումների խորհրդանշական ազդարար միջոցառումն է: