Այս անգամ արվեստաբանների ուսումնասիրության նշանակետը դարձավ Լոռին: Լոռու մարզն ամբողջովին ու հիմնովին ուսումնասիրելն անհնար է: Սակայն Լոռին ունի այնպիսի ճարտարապետական կոթողներ ու գեղեցկություններ, որոնք չտեսնելն ու գոնե մասամբ չուսումնասիրելը հանցանք է, այն էլ' արվեստաբանների համար: Դասապրոցեսին անցնելը, ընթերցելն ու տեսականորեն իմանալը մեկ այլ բան է, իսկ ականատեսի աչքերով տեսնելը, շոշափելը, զգալն ու վերլուծելը մեկ այլ փորձառություն է: Այս իսկ տրամաբանությամբ հոկտեմբերի 19-ին արվեստաբանության բաժնի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները շրջայց կատարեցին դեպի Լոռու մարզ: Այցելեցին Օձուն, Սանահինի ու Հաղպատի վանական համալիրներ, Ախթալա: Հիմնական շեշտադրումը ուսանողներին հնարավորություն ընձեռելն էր' գոնե մեկ օրով դուրս գալ լսարանային տարածքից ու տեղափոխվել ավելի ազատ միջավայր, քննարկել ճարտարապետական կառույցների տեսակները, լուծումները, զուգահեռներ տանել ճարտարապետական դպրոցների ու ոճերի հետ և, ինչու ոչ, ձուլվել բնությանը, որը ոչ պակաս կարևոր ազդեցություն է թողնում մտածողության ձևավորման վրա: Ուսանողների հարցուփորձը կրկնապատկվում, հետաքրքրությունը մեծանում է, երբ ինքներն են առերեսվում մշակույթի հետ ու տեղային միջավայրի, պատմական համատեքստի հետ, որտեղ ստեղծվել են եկեղեցիներն ու վանական համալիրները: