Գիրք ստանալը միշտ էլ հաճելի է ցանկացած մարդու համար, ցանկացած իրավիճակում, սակայն երբ այն ստանում ես որպես պարգևատրում հաճույքն ու ոգևորությունը դառնում է կրկնապատիկ: Այսօր՝ (Дом Русской книги)>> <<Ռուսական գրքերի տուն>> կազմակերպությունը` Արմինե Հայրապետյանի և ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի հումանիտար առարկաների ամբիոնը՝ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին մի իրադարձություն, որը, թերևս, ինքնատիպ էր իր բնույթով՝ ռեֆերատների մրցույթ/ցուցադրություն: Սկզբնապես հակասական թվացող իրավիճակ, ռեֆերատ որն ինքնին ենթադրում է տեքստային, ձևաչափային և գիտակարգային մի բան, և ցուցադրություն, որն ավելի շուտ բնորոշ է ստեղծագործական երևույթին: Ռեֆերատներն իրականում ստեղծվել էին 2014-2015 թթ. արվեստի պատմության դասընթացի շրջանակներում (Արաքս Մարգարյանի հանձնարարությամբ և ղեկավարմամբ) գրաֆիկա և գեղանկար բաժինների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների կողմից: Ու քանի որ ռեֆերատների հեղինակները արվեստագետներ էին, արդեն ենթադրում էր ստեղծագործական մոտեցում: Եվ իրոք, ուսանողները դասաժամերի ընթացքում իրենց հետաքրքրող բազմազան և ընդգրկուն թեմաները (Եգիպտոսի, Հին Հունաստանի արվեստներ, Վերածնունդ, նախնադարյան արվեստ, հայ մանրանկարչություն և այլն) ներկայացրել էին միանգամայն տարբեր, յուրովի, ինքնատիպ և ամենակարևորն է արվեստային մոտեցմամբ: Դրանցից յուրաքանչյուրը կարելի է դիտել արդեն որպես լիարժեք արվեստի գործ, գրաֆիկական արվեստի, գրքարվեստի համատեքստում: Նախաձեռնությունն արդեն կարևոր էր նրանով, որ առաջին հերթին կոտրվեց ռեֆերատների հանդեպ եղած չոր, զուտ գիտական, ինչ-որ տեղ անհրապույր <<պարտադրանք>> լինելու գաղափարը: Իսկ արդեն ցուցադրվելով հանրային, գրքային միջավայրում ռեֆերատները դուրս եկան դասապրոցեսի շրջանակներից: Մյուս կողմից էլ` մասնակից-ուսանողների համար ստեղծվեց մրցակցային իրավիճակ, քանի որ լավագույն երեք աշխատանքների հեղինակները պարգևատրվեցին հատկապես արվեստագետի համար ցանկալի մրցանակներով՝ գրքերով (առաջին մրցանակին արժանացավ Գոհար Սաֆարյանը/ գրաֆիկայի բաժին, 4-րդ կուրս/, երկրորդ տեղ՝ Զեմֆիրա Հակոբյանը /գեղանկարի բաժին, 3-րդ կուրս/ և երրորդ մրցանակ՝Մարո Սահակյան /գրաֆիկա, 3-րդ կուրս/: 












հեղինակ, արվեստաբան` Գայանե Պապիկյան
նկ.Ա.Հովհաննիսյան