Մարդը բնության մեջ, բնությունը՝
մարդու: Բնությունը ստեղծված է մարդուն ազատելու բոլոր կապանքներից և հնարավորություն
է տալիս տրվել ներաշխարհին՝ տեսնելով բնության ներդաշնակ գույներն ու զգալով նրա հանգստությունը:
Հենց սա է <<Ամառային պլեներ>> ծրագրի նպատակը: Վերջերս տեղի ունեցավ 2015թ.ի ամռան պլեներային պրակտիկայի
արդյունքի ցուցադրումը, որը բաղկացած էր 2 մասից՝ գեղանկարի, այնուհետև գրաֆիկայի բաժնի
ուսանողների աշխատանքների ներկայացումից: Կցանկանայի անդրադառնալ երկրորդ մասին՝ գրաֆիկական
աշխատանքներին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին: ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկա բաժնի ІІ,
ІІІ և ІV կուրսի ուսանողներն իրենց աշխատանքների ցուցադրումը սկսեցին յուրօրինակ առաջաբանով՝
վիդեոարտով, ինչը մեզ հնարավորություն տվեց հանգամանորեն ծանոթանալու նրանց պրակտիկայի
ընթացքին: Պետք է ասեմ՝ ոգևորիչ էր: Նույնիսկ ես, արվեստաբան լինելով, մի պահ ուզեցի
նկարիչ դառնալ՝ արվեստագետի աչքերով տեսնելու բնությունը, զգալու շրջակա միջավայրն
ու պատկերել այն: Վիդեոարտի հետաքրքիր գաղափարը ինքնըստինքյան դրական լիցքերով մեզ
ուղորդեց առաջ՝ անցնելու ցուցադրման երկրորդ հատվածին՝ աշխատանքների դիտմանը: Դեռ երբեք
բնությունն այդպես չէի տեսել, ինչպես պատկերել էր Նինա Պիջոյանը՝ գծի միջոցով, սիլուետային:
Մյուս կողմից գիշերային բնության երևակայական պատկերումը, ինչպես Թամարա Կաղզվանցյանն
էր պատկերել: Նորից ու նորից բացահայտեցի Կարինե Խաչատրյանին՝ իր գունազգացողությամբ
ու յուրօրինակ մոտեցմամբ: Ինչու՞ միայն բնություն: Ահա Ջենի Գևորգյանը շեղվել էր բնությունից
ու նկարել իր դասընկերուհու դիմանկարը: Կուզենայի նաև առանձնացնել Նուշ Պետրոսյանի
աշխատանքները՝ երկու ծայրահեղ ոճերից կազմված: Նա նկարել էր ծովը՝ ռեալիստական ոճով,
կարծես ներշնչված մեր հայ ծովանկարիչներից, և մյուս կողմից կարելի էր տեսնել նույն
ծովը՝ արդեն գծային կոմպոզիցիայի միջոցով՝ մինիմալիստական մոտեցմամբ: Կուզենամ նշել,
որ ինձ համար ամառային պլեներ ծրագրի երկրորդ մասը ստացված էր՝ սկսած էքսպոզիցիայից,
վերջացրած հյուրասիրության հետաքրքիր մոտեցմամբ՝ տնական կոմպոտներով: Մասնակիցներն
իրենց աշխատանքներով ապացուցել էին, որ բնությունը հնարավորություն է տալիս ուսանողներին
բացվելու, երևակայելու, նոր բացահայտումներ անելու, ստեղծագործելու և, ինչու ոչ, մտերմանալու
միմյանց հետ:
Կերպարվեստի պատմություն և
տեսություն բաժնի ուսանողուհի՝
Գինոսյան Սյուզաննա
նկ.՝ Սարգիս Հովհաննիսյան
Աշիկ Հովհաննիսյան
ԵԳՊԱ Գյումրի